Նրանցից եմ ես ընտրել Անդրեաս էլիզբարովին ու Սազաթելին՝ «Պատվի համար»-ի մեջ։ Այսօր ես մի առ մի մտաբերում եմ այդ տիպերը և սոսկումով եմ պատկերացնում այն խավարը, ուր ես անցուցել եմ իմ երիտասարդության լավագույն տարիները։
VII
ԱՌԱՋԻՆ ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Մինչև տասնինը տարեկան հասակս ես կին չեմ ճանաչել։ Առհասարակ կին էակն ինձ միշտ մի տեսակ երկյուղ էր ներշնչում։ Ինձ թվում էր, որ նրան մերձենալու համար պետք է ունենալ առանձին համարձակություն, որից ես զուրկ էի։ Երբ իմ ընկերներն ինձ ծանոթացնում էին իրանց ծանոթ օրիորդների հետ, ես չգիտեի ինչպես պահեմ ինձ։ Չէի խոսում, և երբ ինձ խոսեցնում էին, շփոթվում ու կարմրում էի տասը տարեկան աղջկա պես։ Օրիորդները ծիծաղում էին ինձ վրա, մի բան, որ իմ շփոթությունը կրկնապատկում էր, և ես աշխատում էի որքան կարելի է շուտ հեռանալ նրանցից։ Այն էլ ասեմ, որ խոսքս ռուս կանանց մասին է։ Այն ժամանակ Բաքվում շատ քիչ կանայք էին երևում հասարակական շրջաններում և փողոցներում։ Մեծամասնությունը դեռ չադրայից չէր ազատվել և վարում էր փակ կյանք։
Իմ ընկերների մեջ կար մեկը՝ Ս. Բ.-ն, նա ինձնից երկու տարով փոքր էր, սակայն ֆիզիկապես ավելի հասուն էր, թեև ինձ չափ առողջ չէր։ Նա հարուստ ընտանիքի զավակ էր և ինձ պես հափշտակված չէր գրքերով։
Մի օր նա ինձ ասաց.
— Գիտես, Ալեքսանդր, դու երեխա ես, բաներ կան, որոնց մասին գաղափար չունես։
— Ի՞նչ բաներ,— հարցրի ես։
— Խոսքով բացատրել չի կարելի, եկ քեզ տանեմ մի տեղ, կիմանաս։
— Բայց ու՞ր պիտի տանես։
— Այ, տես, հենց այդ հարցը ցույց է տալիս քո խելքի