Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պարոններ,— ասացի ես,— ես գուշակում եմ, որ նրանք Դայարում կենթարկվեն քուրդերի հարձակմանը։

— Տեսնե՜նք։

Օրն անցկացրինք ձանձրալի, տխուր, ետ ու առաջ պտտվելով աղբով ու շներով լի Զեթկանում և լսելո՛վ գյուղացիների գանգատները։

Եկավ մի աղքատ կին և պատմեց, որ դրացին իրեն խաբել է։ Կամավորներից մեկը, գյուղով անցնելիս, նրան նվիրել էր մի ձի։ Կինը ամեն օր ջրաղաց ցորեն էր տանում այդ ձիով և վաստակում իր յոթ զավակների պարենը։ Դրացին առաջարկում է նրան ձին ծախել իրեն։ Կինը համաձայնվում է և փոխարենը ստանում երեք ռուբլի, չհասկանալով ռուսական դրամի արժեքը։

— Հիմա կսեն, որ երեք ռուբլին քառասուն ղռուշ ալ չըներ։

Գյուղացին գտնվեց, բայց չկամեցավ ձին վերադարձնել։ Եպիսկոպոսը մեր դեմ պատրաստած թույնը թափեց նրա գլխին, գոռաց և, երեք ռուբլի շպրտելով, հրամայեց իսկույն ևեթ ձին վերադարձնել։ Մեզ ուղեկցող կամավորներից մեկը բռնեց գյուղացու օձիքից, քաշեց դուրս եպիսկոպոսի հրամանը կատարելու։

Ճաշից հետո Հովհաննես Թումանյանն իր համար զբաղմունք գտավ։ Կանչել տվեց երկու հեքիաթախոս գյուղացիների և պատվիրեց, որ պատմեն «Հազարան Բյուլբյուլը»։

Հիշեցի մանկությունս, պառավ տատիս և նիրհս եկավ։

Երկար, երկար ժամանակ կիսաքուն և կիսարթուն լսում էի։

«Անկե ետո, էֆենդիմ, ելավ, գացավ» և այլն․․․

Հետևյալ առավոտ հայտնվեց, որ երեկ կազակների բազեզդը Դայար չի կարողացել մտնել։ Հանդիպել է քուրդերի ահագին բազմության և կրակի ենթարկվելով․․․ նահանջել է։

— Տեսա՜ք, պարոններ,— ասացի ես ոչ առանց չարախնդության, եթե գնացած լինեինք, մեր ձիերը մեզ չէին փրկիլ։

Կամ պիտի ընկնեինք քուրդերի ձեռքը, կամ գիշերեինք բաց երկնքի տակ որևէ կիրճում, սառնամանիքի մեջ։

— Դաա՜,— արտասանեց եպիսկոպոսը։