— Դաա՜,— ավելի երկարացրեց Խունունցը և քարտեզը բաց արավ և խորասուզվեց նրա մեջ։
Քիչ անցած՝ նա ասաց.
— Պարոններ, այժմ միայն մի ճանապարհ է մնում՝ Դելի֊Քեոյ։
— Գնում ենք,— գոչեց քաջարի հոգևորականը։
— Եթե միայն ճանապարհը բաց է,— ասացի ես, որ արդեն մտել էի հաղթողի դերի մեջ։
— ԷԷԷ՜, էլի սկսեց,— տրտնջաց Խունունցը։ — Ես այս րոպեիս կգնամ կոմենդանտի մոտ և կխնդրեմ, որ մեզ կազակներ տա։
— Անպատճառ,— պնդեց եպիսկոպոսը։
Խունունցը գնաց։ Շատ չանցած ետ եկավ քիթը քաշ։
Դելի-Քեոյն էլ պաշարված էր քուրդերով։
— Մնացինք փոսի մեջ,— ասաց եպիսկոպոսը, ընկղմվելով փափուկ բարձերի մեջ։
— Մնացինք փոսի մեջ,— կրկնեց Խունունցը և քարտեզը ծալեց, դրեց ճամփարկղի մեջ և այդ օրից այլևս դուրս չբերեց այնտեղից։
Միակ ելքը վերադարձն էր։ Այն, ինչ որ պետք է անեինք և կանեինք հինգ օր առաջ, եթե չլինեին Խունունցի քարտեզը և եպիսկոպոսի «գնում եմ»֊ը։
Որոշվեց Մոսունի բարձունքներով վերադառնալ սահմանագլուխ և Սարիղամիշի վրայով գնալ աջ ֆրոնտը։
Երբ մենք դուրս էինք գալիս Զեթկանից, գյուղի ծայրում հանդիպեցինք մի խումբ անզեն քուրդերի։ Եկել էին մեզ խնդրելու, որ թույլ տանք իրենց մեզ հետ մինչև Չիլկան gնալու։ Նրանք ճանապարհին վախենում էին հայերից ու կազակներից։
— Տեսնո՞ւմ եք այն կարմիր բաճկոնավորին, որ ահեն ու ցրտեն կդողա,— ասաց Պողոս Մուրադյանի որդիներից մեկը։— Պատերազմեն քանի մը օր առաջ եկավ իր զինված խմբին հետ և մեզ հրամայեց ոչխար մորթել ու փլավ պատրաստել։ Ես էի, որ ծառայում էի անոր՝ ձեռներս կրծքիս դրած որպես ռայա։