Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

***

Իմ պիեսներից մեկի ներկայացման հետևյալ օրը Սկյութարում հրավիրված էի այցելելու Հայ Կարմիր Խաշի տեղական ապաստարանը։ Այնտեղ տեսա պոլսուհու մայրական խնամքը թշվառների համար։ Ընդարձակ և լուսավոր սենյակների իդեալական մաքրությունը, առատ սնունդ, փոքրերի համար դպրոց և ամեն ինչ, որ կարող է ամոքել թշվառությունը։

Սենյակներից մեկում որբերը ճաշի համար բանջարեղեն էին մաքրում։ Կառավարչուհին ականջիս շշնջաց.

— Ուշադրություն դարձրեք այն կողմ, ուր պիտի էրթամ։

Եվ մոտեցավ մի խումբ դեռահաս աղջիկների՝ ինչ որ պատվիրելով։ Նրանք կանգնած էին պատի տակ քով-քովի, պատժի ենթարկված աշակերտուհիների դիրքում։ Բոլորը նիհար էին, բոլորի վաղաժամ թառամած հողագույն դեմքերի վրա երևում էր հուսահատության և ամոթի կնիքը։ Ամեն մեկի ուսերի վրա կար մի շալ։ Նկատեցի, որ յուրաքանչյուրն աշխատում է նրա ծայրերով թաքցնել իր որովայնը։ Մեկը երեսը դարձրեց պատին և հեկեկաց։ Պղծված կույսեր էին։ Նոր էին բերվել Անատոլիայի խորքերից — Հայ դժոխքի կենտրոնից...

***

Կատը֊Քյոյը կամ, ինչպես պոլսահայերն են գրում, Գատիը֊Գյուղը, նախկին Քաղկեդոնն է։ Հիմնված լինելով Բյուզանդյոնից տասնևյոթ տարի առաջ, նա ունի պատմական անցյալ, որի բեկորները հազիվհազ նշմարվում են այս ու այն տեղ։ Այժմ Կատը-Քյոյը չունի առանձին արժեք, բացի իր նորաձև տներից և համեմատաբար կանոնավոր փողոցներից։ Գեղեցկության տեսակետից Կ. Պոլսի շրջակայքում առաջին տեղը պատկանում է Պրինկիպոյին, որ Իշխանաց ինը կղզիների մայրն է։ Նա ամենամեծն է, ամենաբարձրը և ամենից շքեղն իր փարթամ վիլչաներով, պարտեզներով և բար