բարձունքներից երևացող սքանչելի տեսարաններով դեպի ծովն ու ցամաքը։
Այդ կղզու վրա են վայելել իրանց զբոսանքի և անկման ժամերը մեր միջին դարերի բյուզանդական իշխանները։ Այժմ նրանց փոխարինում են ռուս պաշտոնյաները, գեներալներն ու սպաները, որոնք իրանց հետ բերել են ցարական շրջանի ամբողջ «քաղաքակրթությունը»։
Եղա և մի քանի ուրիշ կղզիներում, բայց նրանք ինձ վրա պակաս տպավորություն գործեցին։ Պրինկիպոն մի գեղեցկուհի մայր է, որի զավակներից ոչ մեկը չունի նրա գեղեցկությունը։
Իմ թափառումների ժամանակ ես աշխատում էի ծովի վրա լինել իրիկնադեմին, երբ արեգակը հրաժեշտ է տալիս ծովին ու ցամաքին։ Ով մի անգամ օրվա այդ պահին տեսել է Կ. Պոլիսը ծովի վրայից, չի կարող երբեք մոռանալ տեսարանը։
Կ. Պոլիսի գլխավոր հմայքը նրա մզկիթներն են և նրա աժուռ մինարեթները։ Թուրքն ամեն բանից զրկել է երկիրը և ոչինչ չի խնայել երկնքի համար, նույնիսկ վերջին կաթիլը խղճի և բանականության։ Համեմատեցեք Կ. Պոլսի մզկիթները տների հետ և դուք կապշեք այն տարբերության վրա, որ կա Աստծու տան և մարդու կացարանի միջև։
Մզկիթը հանճարի ստեղծագործությունն է, մի հատիկ պարգևը գեղեցիկին, որով նա կարող է պարծենալ։
ժամանակը մարդկության մտքից կջնջե բոլորը, ինչ որ արել է օսմանցին իր հինգ դարվա պատմության ընթացքում, կմնան երկու բան՝ Ոճիրը և Մզկիթը. վերջինն որպես նախատինք անկաշառ Աստծուն, որ թույլ է տալիս իրան այդպես կաշառվելու։
ANDCRA DORIA
Դաշնակիցները Կ. Պոլիսը լեցնելով ցամաքի զորքերով, ավելորդ չէին համարում նրա դեմ կանգնեցնել մի տասնյակ ծովային հրեշներ, որոնք կարող էին մի հարվածով հիմնիվեր ավրել նախկին Բյուզանդիոնը։
Մեծ դժվարությամբ է թույլ տրվում օտարներին այդ