Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

***

Մեր ուղեկիցների թվում կար մի հույն օրիորդ։ Նա գիտեր սքանչելի նվագել դաշնամուրի վրա։ Կար և մի սպանացի ընտանիք, բաղկացած ծնողներից ու չափահաս աղջիկներից։ Նրանցից մեկը նույնպես գիտեր նվազել մեծ մասամբ արևելյան եղանակներ, ի միջի այլոց, և հայերեն երդեր։ Նավապետը ամեն անգամ, ճաշից հետո, մեկին կամ մյուսին թախանձանքով ստիպում էր նվագել։ Երբեմն նա կարողանում էր ստանալ և իմ աղջկա՝ Մարգարտի համաձայնությունը երգելու։ Այսպիսով, մենք գրեթե ամեն երեկո ունեինք նվագահանդես կամ համերգ։

Մի երեկո ճաշից հետո սալոն եկավ Նայիլեն առաջին անգամ ձեռքում մի ջութակ։

— Օօ՜, ես այդ չգիտեի, —գոչեց ծերունի նավապետը։ Նա մի երաժշտասեր իտալացի էր։

Թրքուհին ու հույն օրիորդը սկսեցին ինչ-որ նվագել։ Ներս մտավ Լամիյեն՝ նիհար ուսերի վրա մի շալ և լուռ նստեց սալոնի մի անկյունում։ Նայիլեի խորհրդավոր խոսքերի ազդեցությամբ, ես առաջին անգամ ուշադրություն դարձրի նրա վրա։ Նա նստած էր ստվերի մեջ և, կարծես, աշխատում էր աննկատելի մնալ։ Մռայլ էր նրա քնքուշ դեմքը և գունատ։ Նա հիշեցնում էր արմատից նոր պոկված մի ծաղկի, որ, կարծես ասում էր. «Մի դիպչեք ինձ, ես փխրուն եմ, ինչպես թիթեռ, իմ ծուխի պես թափանցիկ թևուկները կթափվեն ձեր մատների հպումից»։

Նրա երկնագույն աչերը հառած էին դեպի անորոշ տարածություն։ Կարելի էր կարծել, որ նա ականջ էր դնում ջութակի և դաշնամուրի հնչյուններին։ Բայց դիտող աչքի համար պարզ էր, որ նա չի լսում, ու նրա մտքերը թափառում են այլուր։ Մերթ ընդ մերթ նրա նիհար ուսերը թեթևակի ցնցվում էին, ու ես հեռվից զգում էի նրա հառաչանքները։

Նրա մայրը սալոնի մյուս անկյունից գաղտնի դիտում էր նրան։ Նա պառկած էր օթոցի վրա արևելյան հեշտասիրության մեջ և շարունակ ծխում էր եգիպտական ընտիր սիգարները ոսկեզօծ գլանակով։ 245