Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բավարարություն տա։ Անկյունում նստած նիրհում է մի հայ մշակ, կրծքին փոքրիկ մետաքսյա մի նշան կպցրած, ուրիշ ոչ ոք: Ամեն մի այցելու իրավունք է համարում օրորոցը շարժել, և այժմ այնքան արել են, որ նորա մեքենան փչացել է ու այլևս չի գործում։

Մետաքսագործական բաժնում երկու թուրք արհեստավորներ մահուդի վրա մետաքսագործում են։ Անցյալ օրը այդ թուրքերից մեկը այնքան ձանձրացել էր, որ տեղնուտեղը նիրհեց իմ աչքի առաջ. բերանը բաց եղավ, գլուխը թեքվեց կրծքին և հանկարծ ձեռի ասեղը դիպավ ծնոտին։ Թուրքը զարթնեց և սկսեց յուր լեզվով մրթմրթալ.

— Այ, ձեր բիսթաֆքյան էլ (выставка) ու ձեր...

Այս բոլորը ցույց են տալիս, իհարկե, կարգադրիչների անհոգությունը։ Սակայն չնայելով այս բոլորին, ցուցահանդեսը այնքան հարուստ է, որ մեր երկրի տնտեսական, նույնիսկ բարոյական վիճակին ծանոթանալ ցանկացողի համար խորին ուսումնասիրության արժանի առատ նյութ է ներկայացնում։ Ուստի առանց մի որևէ հանդիմանական ակնարկություն անելու Կովկասյան առաջին ցուցահանդեսի հարգելի Կարգադրիչ Հանձնաժողովին, որ, ինչևիցե, դարձյալ միայն շնորհակալության է արժանի, սկսենք աշխատել մեր ընթերցողներին փոքրիշատե մանրամասն հաշիվ տալ այդ հետաքրքրական երևույթի մասին։

Ցուցահանդեսի բռնած տեղը բավական ընդարձակ է։ Նա բացված է Մուշտաիդի այգու հետ զուգահեռաբար մի մեծ հրապարակի վրա, որի երկարությունն է մոտավորապես 185 սաժեն, իսկ լայնությունը առջևի կողմից (մինչև երկարության 2/3 մասը) մոտ 50 սաժեն, ետևի կողմից 40 սաժեն, ընդամենը մոտ 8200 քառակուսի սաժեն։ Այս տարածության մեջ է նաև այն փոքրիկ դաշտը ցուցահանդեսի ետևի կողմում, որ նշանակված է երկրագործական մեքենաներ և գործիքներ փորձելու համար, նույնպես և ցուցահանդեսի այգին։ Բացի դորանից, ցուցահանդեսին կցված է և Այգեգործության դպրոցի ընդարձակ այգին, ուր տեղավորված են «մրգեղեն չորացնելու» «այգեբանական» և «մասնավոր արքունական» պավիլիոններ: