Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանդեսի առջևի կողմը (կորպուս), որ ամենահարուստ մասն է, ներկայացնում է մի կիսակոլորակ, պայտաձև փայտյա շինություն, դրսից կարմիր գույնով։ Այդտեղ զետեղված են՝ «Մետաքսագործության ու մեղվապահության», «Լեռնային — հանքաբանական», «Արդյունաբերական-արհեստագործական», «Ձկնորսական», «Անտառաբանական», «Երկրագործական», «Գինեգործական» «Այգեբանական ու պարտիզանաբանական» և «Մանկավարժական— արհեստագիտական» բաժանմունքները։ Պետք է ասել, որ այս գլխավոր շինությունը, որ ամենից գեղեցիկ պիտի լիներ, զուրկ է ճարտարապետական շքեղությունից։ Ճաշակ ասած բանը չկա այստեղ, հինգ փայտյա կոլորակ, աղավաղված—մոնղոլական գմբեթներ կազմում են միջին մասը, այնուհետև աջ ու ձախ տարածված է հասարակ, բավական ցածր և, ըստ երևույթին, ծուռ կտուրը։ Ներսի կողմից առաստաղը բավական սիրուն է, թեև դարձյալ մի որոշ ճաշակ չունի։

Հանդեսի մուտքը այս գլխավոր շինության միջին կողմիցն է, այսինքն՝ գմբեթների տակից։ Մտնելով այստեղ և անցնելով շինության միջով դեպի ներս, ձեր առջև բացվում է մի գեղեցիկ և ճաշակով շինած պարտեզ, մաքուր, ընդարձակ ճեմելիքներով, երեք ավազաններով և շատրվաններով։ Պարտեզը երեկոները լուսավորվում է լապտերներով, որոնց լույսը համեմատաբար շատ էլ առատ չէ։ Այստեղ բացված է մի ժամանակավոր ճաշարան, որից մի քիչ հեռու, մի առանձին պավիլիոնում նվագում է կոզակների երաժշտական խումբը։ Վերջին օրերս նվագում է և մի ուրիշ խումբ զինվորական երաժիշտների, այնպես որ ամեն օր, առավոտից մինչև երեկո, անընդհատ երաժշտություն կա։

Պարտեզի աջ կողմում գտնվում է կաթնատնտեսական բաժինը, ուր ամեն օր պանիր պատրաստելու փորձեր են լինում այցելուների համար, այնուհետև նույն շարքով գտնվում են երկրագործական տեղական և եվրոպական մեքենաների բաժինը, Մադերի կառքերի բաժինը և այլն։ Մեջտեղ, այգու մեջ, աջ ու ձախ, մինչև ցուցահանդեսի վերջը տարածված են մոտ քառասուն պավիլիոններ, մեծ մասամբ մասնավոր անձանց, որոնց թվում են և Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչի