Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին նա տիրում էր կատարելապես։ Ռուսերեն խոսում ու գրում էր ինչպես բուն ռուս։ Նա գիտեր և իտալերեն, որ սովորեց մի երկու շաբաթվա ընթացքում, երբ հռչակավոր իտալական ողբերգակ Ռոսսին Թիֆլիսում էր: Կարճ միջոցում Ռոսսին այնպես սիրեց Աբգարին, որ այնուհետև նրան անվանում էր բարեկամ։ Աբգար Հովհաննիսյանը վերջին Ժամանակները ուսանում էր անգլերեն և արդեն բավական սովորել էր գրել ու կարդալու համար։

Տեղական լեզուներից գիտեր վրացերեն և նրա սրախոսությունները հաճախ կրկնվում էին վրաց շրջանն երում։ Յուր այս հատկությունների շնորհիվ էր, որ Աբգար Հովհաննիսյանը բոլոր փառահեղ բազմամարդ և արիստոկրատ հանդեսներում միաձայն ընտրվում էր կառավարիչ։ Այդ պաշտոնը նրան վաղուց էր ձանձրացրել և շատ հանդեսներից հրաժարվում էր, որպեսզի ստիպված չլինի այս կատարելու։ Ալեքսանդր Երրորդ կայսրը Թիֆլիս ժամանելիս, Աբգար Հովհաննիսյանը քաղաքի երեք ընտրյալներից մեկն էր՝ Նորին Մեծությանը քաղաքի կողմից արժանավայել ընդունելություն ցույց տալու համար։

Վերջին չորս — հինգ տարիները նա, անողոք հիվանդության պատճառով, բոլորովին հեռացել էր հասարակական գործերից և վարում էր միայն Ռիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության կառավարչի պաշտոնը։ Արդեն նա մեռած էր և ինքն էլ զգում էր յուր մոտալուտ մահը։ Այլևս չքացել էր նրա վառվռուն դեմքից մշտական ուրախ ժպիտը։ Մաշվել էր, ընկճվել, դեմքը կրում էր հողի գույն, շրջում էր ինչպես ուրվական, յուր բարեկամների ցավակցությունը զարթեցնելով։

Նրան չօգնեց ոչ մի բժշկություն։ Գնաց մի քանի անգամ արտասահման, վերադարձավ ավելի տկարացած։ Նա կամեցավ վերջին փորձն անել և նորից ուղևորվեց արտասահման։ Բայց կես ճանապարհին մահը բռնեց նրան Սև ծովի ափին, Բաթում քաղաքում։ Առաջ ենք բերում նրա կյանքի վերջին րոպեների նկարագրությունը, բժիշկ Լևոն Տիգրանյանի, որ ուղեկցում էր