Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանգուցյալին արտասահման։ Ահա բժշկի անպաճույճ, բայց սրտաշարժ խոսքերը.

«Ապրիլի 14-ին, առավոտյան գնացքով ուղևորվեցինք Թիֆլիսից դեպի Բաթում։ Այդ ճանապարհորդությունը համեմատաբար հաջող անցավ։ Հետևյալ առավոտ մենք երկուսովս կառքով զբոսնում էինք ծովափին և մեծ մասամբ կառքով կանգնած էինք մնում այս կամ այնտեղ։ Ես աշխատում էի երկար չխոսել նրա հետ, որովհետև նա այնքան թույլ էր, որ խոսելը նրան դժվարություն էր պատճառում: Գտնվելով Բաթումի գեղեցիկ բնության մեջ և նայելով անսահման ու խաղաղ ծովի հորիզոնին, Աբգարն ասաց. «Որքան ազատ եմ շնչում այստեղ, այս գեղեցիկ եղանակին, իհարկե, որ այստեղ ես կարող եմ կազդուրվել»: Երբ կանգնած էինք գիմնազիոնի առջև, որ ծովի ափին է, աշակերտները խմբովին երգում էին։ Աբգարն ասաց. «Ինչպես գեղեցիկ են երգում»։ Մենք սպասեցինք մինչև երգի վերջացնելը։ Այդ վերջին երաժըշտությունն էր, որ նա լսում էր։ Նա սիրում էր երաժշտությունը։

Ժամի երկուսին մենք վերադարձանք հյուրանոց։ Նա հոգնած դեմք ուներ, որ սովորական էր նրա համար, սակայն ըստ մեր հին սովորության, մի քանի զվարճախոսություններ անելուց հետո, ևս առաջարկեցի նրան, կառքում երկար նստելուց հետո, պառկել և հանգստանալ։ Նա լսեց ինձ։ Ժամի երեքին Աբգարի ամուսինը և ես խորհուրդ տվինք նրան չիջնել ճաշարան, այլ նրա համար ճաշն ուղարկել վերև: Տիկնոջ հետ ես իջա ճաշարան։ Ժամի երեքն անց կեսին մենք արդեն կրկին նրա մոտ էինք։ Նա հանգիստ պառկած էր, Մոտենալով նրան և տեսնելով, որ նրա դեմքը բավականին զվարթ էր, շոյելով նրան՝ հարցրի կատակի ձևով ու Թիֆլիսի բարբառով. «Աբգար ջան, քեփումդ վունցիս»։ Նա բռնելով ձեռքս, սրտանց սեղմելով ու ժպտալով պատասխանեց «ոչինչ, լավ էմ»: «Ուրեմն,— ասացի,_ գնամ իմ սենյակը, հանգստանամ 10 րոպե և կրկին գամ»:— «Չէ, մի գնա, ահա պառկիր հենց այստեղ, այս մահճակալի վրա», ուր նստած էր տիկինը։ Ես պառկեցի, բայց չքնեցի, միայն թեթև մոռացության մեջ էի։ Չանցավ մոտ կես Ժամ, հանկարծ լսեցի նրա