մահճակալից վայր ընկնելու մի սաստիկ ձայն։ Նույն րոպեին թռա տեղիցս։ Աբգարը վայր էր ընկել հատակի վրա։ Նրա աչքերը, կիսափակ և անկյանք էին, ամբողջ երեսը և մանավանդ շուրթերը կապտած, դողում էին, շնչառությունը համարյա վերջացած էր։ Թևերը և բռունցքները կծկված, ցնցմանց մեջ էին, զարկերակը չէր խփում, սիրտը չէր բախում։ Նա իմ հարցերին և ճչին ոչ մի, ոչ մի պատասխան չտվեց՝ և երեսի կապտությունը վայրկենապես սաստկացավ։ Նրա լայնացած սիրտը պայթել էր և այդ էր պատճառը, որ ցնցվելով վայր էր ընկել մահճակալից։ Դուրս վազեցի սենյակից, աղաղակով օգնություն կանչեցի նրա ամուսնուն որ ընդհանուր հյուրասենյակում նամակ էր գրում իր որդուն։ Լսելով ձայնս, ներս եկավ ու, տեսնելով իր Աբգարին հատակի վրա, ապշած հարցնում էր, թե ի՞նչ պատահեց։ Ծառաների օգնությամբ բարձրացրինք մահճակալի վրա։ Նա արդեն վախճանված էր։ Նա այլևս չկար այս աշխարհի համար։ Այդ բոլորը կարող էր տևած լինել ոչ ավելի, քան մի րոպե։ Մի տեղական բժիշկ, որ երևի հյուրանոցումն էր, հինգ րոպեից հետո եկավ ու նույնպես հաստատեց նրա մահը։ Երեկոյան պահին Թիֆլիսից եկավ Աբգարի քույրը, տիկին Աֆթանդիլյանը, որ մտադիր էի մի քանի օր անցնել մեզ հետ։
Մի երկու ժամից հետո Բաթումի հայ հասարակությունը մեզ մոտ էր, հայտնում էր իր ցավակցությունը Աբգար Հովհաննիսյանի հանկարծակի և անսպասելի մահվան առթիվ։ Նույն օրը, այն է՝ ապրիլի 15-ին կեսգիշերին, աջակցությամբ Բաթումի երիտասարդության և հասարակության, նրա դիակի հետ ուղևորվեցինք դեպի Թիֆլիս։ Պահելով Արդարի դիակը Թիֆլիսում, նրա բնակարանում, ինչպես հայտնի է լրագիրներից, ապրիլի 20-ին նրա մարմինը հանձնվեց հողին, Վանքի բակում. անձրևը տեղում էր, կասես մեզ հետ երկինքն էլ լալիս էր»։
Աբգար Հովհաննիսյանի անունն էլ կմնա անջնջելի ազգի մտավոր կյանքի ապագա պատմության մեջ։