Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գյուղացիների հետ խոսելը, ժողովը ցրում են։ Այնուհետև գալիս են օսերի ահագին խմբեր՝ թվով մոտ 8000 հոգի և, գյուղից գյուղ շրջելով, վռնդում են կալվածատերերի գործավորներին և ծառաներին։

Չնայելով այս խոչընդոտներին, Վայդենբաումը, յուր ասելով, կարողանում է պարզել, որ գյուղացիները չեն ուզում ունենալ մեծ կազմով գյուղական համայնքներ, ի նկատի ունենալով, որ պաշտոնակատար անձանց ռոճիկ տալն ու պահելը չափազանց թանկ է նստում։ Առանձնապես գյուղացիները գանգատվում են կալվածատերերի և պետական ճնշումների վրա, որոնք սահմանափակում են նրանց իրավունքները՝ անտառներից և արոտատեղերից օգտվելու։ Ընդհանրապես, գյուղացիների տնտեսական վիճակը անտանելի է և պահանջում է շուտափույթ օգնություն։

«Ես համոզված եմ խորապես, — ասում է Վայդենբաումը, — որ գյուղացիները կխաղաղվեն, երբ նրանց իսկական կարիքներին լիացում կտրվի։ Ներկայումս նրանց դրությունը իրոք որ շատ ծանր է։ Նրանք հագնում են ցնցոտիներ. առաջին օրերը, երբ ժողովներն ընթանում էին կանոնավոր, գյուղացիներն ինձ ասում էին, թե իրանք ապստամբներ չեն, այլ Ռուսաց կայսեր հպատակներ են, որ վարում են ողորմելի կյանք։ «Մեր ձեռները, — ասում են նրանք,— մշտապես զբաղված են աշխատանքով միայն նրա համար, որ վճարենք ծանր հարկեր պետությանը, կալվածատերերի համար․ մենք ոչինչ չենք կարողանում հետ գցելյ։

Արդարև, ծանր է գյուղացու տնտեսական կացությունը։ Տխուր հառաչանքներ լսվում են ոչ միայն Վրաստանից, այլև Կովկասի բոլոր անկյուններից։ Իսկ հայ գյուղացի՞ն։ Վերջին քսանուհինգ տարիների ընթացքում մի շարք կարգադրություններ հասցրին նրան ծայրահեղ աղքատության։ Հողի սակավությունը ճնշում է նրան ամենուրեք։ Այնինչ՝ ազատ արքունական հողեր կան Կովկասում։ Ով գեթ մի անգամ պտտել է Վարսի շրջանը, տեսած կլինի ընդարձակ, պարարտ վարելահողեր, որոնք մնում են ամայի, և միայն խոտ են արտադրում։ Մինչդեռ կից առ կից