Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ախալքալակի գավառում գյուղերը նստած են միմյանց վրա և հերկում են քարքարոտ անբերրի հողեր, որոնք վաղուց են հյութասպառ եղել, այնքան շահագործվել են։ Սխալ հասկացված քաղաքականությունը այդ հողերը պահում է ռուս գաղթականների համար։ Իսկ ռուս գաղթականները, սակավ բացառությամբ, փախչում են այդ վագրերից, չդիմանալով երկրի կլիմայական պայմաններին։ Տեղական գյուղացին նախանձով է նայում այդ պարարտ և ամայի հողերի վրա և նրա վտիտ կրծքի տակ կուտակվում է մաղձ ու թույն։ Նա անզորությունից ծանր հառաչանքներ է արձակում. սրտի խորքում վշտացած, որ իրան չեն ուզում հասկանալ, ճանաչել և իմանալ, որ չկար գուցե ամբողջ Ռուսիայում ավելի հավատարիմ հպատակ տարր, քան հայը և հայ գյուղացին․․․

Այսպես է հայ գյուղացու ճակատագիրը Կովկաոում։ Երբ հայ հասարակությունը, օգտվելով Կայսերական բարձրագույն թույլատրությունից, կներկայացնի Պետերբուրգ յուր անհրաժեշտ կարիքների ցուցակը, կպարզվի, որ շատ մարդկային տարրական իրավունքներից է նա զրկվել վերջին դարում։ Անկասկած, կլսվի և մեր հառաչանքը, մեզ վերա ևս ուշադրություն կդարձնեն, որովհետև այս ոչ միայն մեր շահն է պահանջում, այլև, գլխավորապես, ընդհանուր պետության շահերը։ Պետք է լինել միանգամայն անկեղծ, քանի որ մեզանից պահանջվում է անկեղծություն։ Եվ մենք կլինենք անկեղծ, նախ՝ մեր անմիջական իշխանավոր նոր նշանակված փոխարքա իշխան Վարանցով-Գաշկովի առջևը, ապա՝ Պետերբուրգում։

Մենք կհերքենք շոշափելի փաստերով, որ երբեք սեպարատիստներ չենք եղել և չենք, կազատվենք զանազան տխուր հիշատակի արժանի վելիչկոների և սևահռչակ սուվորինների ու գրիգմունների մեջ վերադարձած ստոր զրպարտություններից։ Կապացուցանենք, որ հայն ի ծննդենե, ի բնե և յուր ամբողջ հոգեկան կազմով մի վերին աստիճանի խաղաղ կուլտուրական տարր է, ամենուրեք շինող, ծաղկեցնող և հարստացնող ուժ։ Նրա հոգուն խորթ են զանազան սեպերատիվ արկածներ և անիրագործելի ձգտումներ։ Նա գործնական է, խելացի, հանդարտ կյանքի սիրահար է կարոտ։ Տվեք նրան