կեսգիշերից հետո անկողին պառկելով, նա սկսեց մի այնպիսի խռմփոց, որ ամբողջ գիշեր ինձ թվում էր. թե մի չար ձեռք խարտոցում է անկողնակալիս ոտները։
Վերջապես չարաբախտ գիշերը լուսացավ, և այդ օրը ինձ համար բերեց մի անսահման հաճույք։
II
Մլեթի դեմ Արագվայի վրա կանգնած քարե կամուրջը կարելի է համարել մի միջակետ, որ ամբողջ ռազմավիրական ճանապարհը բաժանում է երկու միմյանցից տարբեր մասերի։ Թիֆլիսից մինչև այդ կամուրջը տեսարանները մեղմ են, կանաչազարդ, ժայռերը ծածկված ծառերով և ընդհանրապես չեն կարող զարմացնել Կովկասին քիչ թե շատ ծանոթ մարդուն։
Միայն անցնելով Արագվան և ոտք դնելով Գուդաուրի ճանապարհի վրա, մարդ սկսում է զգալ բնության վեհ ազդեցությունը։
Արեգակը նոր-նոր բարձրանում է վեր, դուրս լողալով հորիզոնը պատող ամպերի միջից և, ինչպես մի քնքուշ նորահարս, կամացուկ և նազելի բաց անում իր առավոտյան զվարթ և պայծառ դեմքը։ Լեռների լանջերին և գագաթների վրա կույտ֊կույտ սահում են նոսր ամպերը՝ թողնելով լեռնային բուսականության վրա իրանց խոնավ հետքը։ Կամուրջի դիմաց, դեպի ձախ երևում է մի ինչ-որ գյուղ այնպիսի բարձրությամբ, որ հազիվհազ նշմարվում են նրա խրճիթները։ Բայց ահա մեր յոթ ձիերով լծված կառքը արագ֊արագ բարձրանում է գետի ձախ կողմով վեր, և գյուղը հետզհետե հավասարվում է մեզ, հետո ցածրանում և մնում մեր ոտների տակ։
Սրընթաց Արագվայի ձայնը քանի գնում խլանում է և ապա անլսելի դառնում։ Որքան մենք բարձրանում ենք, այնքան նա փոքրանում է և վերջ ի վերջո դառնում մի նեղ մոխրագույն ժապավեն, ձգված անհուն անդունդի երկարությամբ։ Դեպի աջ՝ անընդհատ ուղղագիծ ժայռեր, միմյանցից բարձր, միմյանցից վիթխարի, դեպի ձախ՝ անհուն