Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորխորատ— ահա ընդհանուր տեսքը այն ճանապարհի, որ կոչվում է Գուդաուր։ Տեղ-տեղ մեր կառքը անցնում էր ժայռերից կազմված բնահան միապաղաղ կամարների տակով։ Ահա մի ահագին բեկոր, ճեղքված, բաժանված լեռան կրծքից, հազիվհազ կանգնած է յուր պատվանդանի վրա։ Թվում է, որ բավական է մի թույլ շարժում, նույնիսկ ձիերի մի խրխնջոց, և բեկորը օդի տատանումից կանջատվի իր հիմքից և որոտալով կթավալվի ցած, մեր գլխին։ Կառքը անցնում է աջող, և ճանապարհորդը ակամա հառաչում է, մի թեթևություն զգալով։ Բայց ահա մի ուրիշ ավելի երկյուղալի բեկոր. նույն զգացումը, նույն ակամա ուրախությունը, որ անվտանգ անցար։

Գարնանը ձմեռվա ձյուները հալչում են։ ժայռերը փափկանում խոնավությունից, գոյանում են ճեղքեր և այդ ճեղքերից առաջանում են վտանգավոր բեկորները։ Եղել են դեպքեր, որ այդ բեկորները ընկել են անցորդ կառքերի վրա և, հարկավ, մարդկանց ու ձիերին միջատների պես ջարդել: Այժմ ևս երևում են այդ սպանիչ բեկորները այս ու այնտեղ կանգնած ճանապարհի ձախ կողմում։ Պատահում է, որ կառապանները զգուշության համար կապում են կառքի զանգակները և նախազգուշացնում ճանապարհորդներին բարձր ձայնով չխոսել, ինչպես այդ անում են ձմեռը, միշտ ձյունի կույտերի ժամանակ, որպեսզի օդի տատանումներից այդ կույտերը չխորտակվեն։

Ամեն քայլում մարդ զգում է իրան մահու դեմ կանգնած և ամեն վայրկյան իր ոչնչությունն է տեսնում բնության մեծության առջև։

Գուդաուրի ստորոտում գրեթե ճանապարհի սկզբում ժայռի կրծքին կպցրած է մի մեծ մետաղյա տախտակ, որի վրա ահագին ոսկի տառերով գծված է այն ինժեների անունը, որի «ծրագրով և աշխատությամբ կառուցված է ռազմավիրական ճանապարհը»։ Թող այդ ոսկե տառերը երկար տարիներ փառաբանեն գիտնական ինժեների անունը, բայց մտածող մարդու համար նա այնքան ազդեցիկ չէ, որքան այդ ժողովրդի անունը, որ առանց գիտության միջոցների, առանց մեքենաների, լոկ իր բնական հնարագիտությամբ և անվեհերությամբ