կասեմ, որ յուր ռոճիկից հարյուր մանեթ թողնի Պետր Ստեփանիչի մոտ։
— Մամա, ի՞նչ ես ասում, հարյուր մանեթը պապայի մի ամսվա ռոճիկն է, ես ինչ եմ անում այդքան թանկ կամոդը, — կրկին հակառակեց օրիորդը։
— Դուք ինձ վիրավորում եք, Մարիա Իվանովնա, ես փողի կարոտություն չունիմ․ ես այդ իբրև մի չնչին նվեր եմ տալիս և ոչ թե ծախում,— պատասխանեց Պետր Ստեփանիչը, կեղծորեն իրան վիրավորված ձևացնելով։
Այդ ժամանակ մի մշակ, Պետր Ստեփանիչի գործակատարի առաջնորդությամբ, ներս բերեց բավական մեծ կամոդ ընկույզի փայտից շինած։
Կամոդը դրեցին պատշգամբի վրա։ Պետր Ստեփանիչը բանալին շուռ տվեց և բաց արավ, որ պահարանը ցույց տա Կատերինա Կարլովնային և Մարիա Իվանովնային։
— Շատ գեղեցիկ բան է, շատ էժան եմ առել։
Այսպես թե այնպես, կամոդն այնքան գեղեցիկ էր, որ միանգամից գրավեց Մարիա Իվանովնային։ Երկար ժամանակ նա նայում էր կամոդի ներսին, դրսին, վերևին և չէր կարողանում կշտանալ նայելուց։ «Ի՛նչ լավն է, ի՛նչ մեծն է, Կատյա, շորերդ կտեղավորվեն», — կրկնում էր նա անդադար, ուրախությունից պտույտ գալով պահարանի չորս կողմը։
Վերջապես ավելորդ ժամանակ չկորցնելու համար Պետր Ստեփանիչը կողպեց պահարանը և բանալին առաջարկեց Կատերինա Կարլովնային, ուղղակի նրա դեմ կանգնելով և մեջքից թեքվելով։
— Թանկ չէ նվերը, բայց թանկ է իմ սերը, ասում են ռուսները, — ասաց Պետր Ստեփանիչը ռուսերեն լեզվով, բանալին բռնելով ուղիղ օրիորդի քթի առջև։
Այս խոսքերն օրիորդին ավելի շփոթեցրին։ Նրա երեսը կարմրեց, և նա չկարողացավ թե ինչ պատասխանի միևնույն Ժամանակ, բանալին չընդունելով Պետր Ստեփանիչից։
Պետր Ստեփանիչի դեմքով մի վայրկյան սահեց անբավականության