Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլուխ տվեց Պետր Ստեփանիչին և, ձեռները կողքերին քաշ գցելով, արձանացավ դռների մոտ։

— Առաջ ե՛կ, նստիր, — ասաց Դոլմազովը։

Երիտասարդը չհամարձակվեց նստելու։ Նա միայն գլուխ տվեց։ Դոլմազովը կրկնեց յուր առաջարկոււթյունն այս անգամ ավելի քաղաքավարի ձևով։ Երիտասարդն, ամաչելով ու քաշվելով, մոտեցավ և գդակը ձեռին մի կողքով նստեց աթոռի վրա։

— Հը՛մ, Սմբատ, ասիր, տեսնենք ի՞նչ նոր բան կա, — հարցրեց Պետր Ստեփանիչը, մի նոր ծխախոտ վառելով։

— Ձեր առողջությունը, — պատասխանեց Սմբատը, գլուխը հազիվ բարձրացնելով։

Նրա ձայնը խիստ դուրեկան էր։

— Այսօր նավթ ստացե՞լ եք Բալախանուց։

— Այո՛։

— Ո՞վ է ընդունել։

— Կարլ Մարկիչը։

— Հա՞, ի՞նչ է անում Կարլը, լա՞վ է, ուրա՞խ է։

— Լավ է, ուրախ է։

— Հը՛մ․․․ այդպես, ուրիշ ի՞նչ կա, գործարանն այսօր բանո՞ւմ է։

— Այո՛, հենց առաջին կաթսաները նոր էինք սկսել դատարկելու, երբ ձեր հրամանոց նամակը ստացա, իսկույն ձի նստելով, ճանապարհ ընկա։

— Շա՛ ատ լավ ես արել, շա՛ատ լավ ես արել։ Գիտե՞ս ինչ, Սմբատ, ես քեզ մի գործի համար եմ կանչել, որը միայն քեզ է վերաբերվոււմ։

— Հրամայեցե՛ք, — ասաց երիտասարդը զարմանալով։

Պետր Ստեփանիչի խոսքերը նրան մի փոքր վախեցրին։ «Չլինի՞ թե ուզում է ինձ դուրս անել», մտածեց նա իսկույն։

— Գիտե՞ս ինչ, Սմբատ, դու վաղուց ինձ խնդրել ես որ ռոճիկդ ավելացնեմ, այնպես չէ՞։

— Այո՛։

— Եվ ես խոսք եմ տվել, բայց մինչև օրս չեմ կատարել խոսքս։