Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛։

— Դու ընտանիք ունի՞ս։

— Հայր, մայր և երկու քույր։

— Ինչտե՞ղ են։

— Շուշում։

— Հը՛մ, ինքդ խոմ պսակված չե՞ս։

— Ո՛չ։

— Նշանված ե՞ս։

— Ո՛չ։

— Հը՛մ․․․ ուրեմն էլի մի ահագին բեռ կա մեջքիդ վրա, — ասաց Պետր Ստեփանիչը կարեկցաբար։

— Այո՛, ես էլ հենց այդ պատճառով էի ձեր հրամանոց խնդրել ռոճիկս ավելացնել։

— Այո՛, գիտեմ որ ամսական քառասուն մանեթով դժվար է ընտանիք կառավարել։ Բայց գիտե՞ս, Սմբատ, ինչու չեմ մինչև այժմ խնդիրդ կատարել։

— Ո՛չ, չգիտեմ։

— Որովհետև քեզ համար ես ուրիշ բան եմ մտածում։

Սմբատը ոտից գլուխ լսողություն դառավ։

— Ես ուզում եմ այնպես անել, որ դու ժամանակով օրինավոր մարդ դառնաս և ոչ թե ամսական հինգ կամ տասը մանեթով ռոճիկդ ավելացնել։

— Շատ շնորհակալ եմ, Պետր Ստեփանիչ, շատ շնորհակալ եմ․․․

Երիտասարդը բարձրացավ տեղից, գլուխ տվեց Դոլմազովին և կրկին նստեց։

— Թեև, Սմբատ, երբեմն դու էլ ինձ բարկացնում ես, բայց վատ տղա չես։ Չորս տարի է, որ ինձ մոտ ծառայում ես, ես մի վատություն չեմ տեսել քեզանից։ Ես էլ, իհարկե, մարդ եմ, աչքեր ունիմ, տեսնում եմ, որ հիմա հասել է ժամանակը, որ ծառայությանդ փոխարեն մի լավություն անեմ քեզ։

Երիտասարդը կրկին բարձրացավ տեղից և կրկին անգամ գլուխ տվեց։ Նրա սիրտը սկսեց ուրախությունից սաստիկ բաբախել։