Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչպես Կարլ Մարկիչին եմ տվել, քեզ համար էլ ուզում եմ մի բնակարան պատրաստել ծովեզրում գտնվող տանս մեջ։ Դու, եթե ուզում ես, կարող ես գրել Շուշի հորդ, որ ընտանիքը բերի այստեղ քեզ հետ միասին ապրելու։ Մեկ էլ գրիր, որ ես, Դոլմազովս, ուզում եմ քեզ իմ ձեռքով պսակել։

Երիտասարդի ականջներն ամաչելուց կարմրեցին։ Նա գլուխը քաշ գցեց։

— Հը՛մ, ուզում ե՞ս պսակվել, թե՞ չէ։

— Ո՛չ Պետր Ստեփանիչ, — պատասխանեց Սմբատը, ճակատի տակից ամոթխածությամբ նայելով Պետր Ստեփանիչին և գդակը ձեռքում պտտեցնելով։

— Հասկանում եմ, դեն գցիր, ծոցս գցիր, այնպես չէ՞։

— Ո՞րտեղից է այնքան կարողություն, որ համ գլուխս պահեմ, համ ծնողներիս ու քույրերիս, համ էլ պսակվեմ։

— Այդ լավ ես ասում, խելոք ես, Սմբատ։ Բայց աստված ողորմած է, դու միայն լավ ծառայիր ինձ, ես շուտով, շատ շուտով քեզ կօգնեմ։

Սմբատը մի անգամ ևս գլուխ տվեց։

— Բաս ինչո՞ւ չես հարցնում, թե ով է հարսնացուդ։ Հը՛մ, մի աղջիկ է, Սմբատ, մի աղջիկ, որ տեսնես — աչքերդ չորս կդառնան։ Բաքվի մեջ հատը չկա։

Սմբատը մի հարցական հայացք ձգեց յուր պարոնի վրա։

— Աբա, եթե խելոք ես, իմացիր, թե ով է, հապա՛, գտի՛ր, հըը՛մ․․․

Սմբատը գլուխը շարժեց բացասաբար։

— Գիտեմ, որ չես կարող գտնել, որովհետև մտածել անգամ չես կարող, թե մի այնպիսի աղջիկ պիտի ձեռք բերես։

Սմբատը կարծեց, թե Պետր Ստեփանիչը հանաք է անում և ժպտալով նայեց նրա երեսին։

— Ճանաչո՞ւմ ես իմ գործարանի կառավարիչ հաշտարխանցի Կարլ Մարկիչ Պոպովին, — հարցրեց Դոլմազովն, ամեն մի բառն արտասանելով ծանր և շեշտելով մանավանդ վերջին բառերը։

Սմբատը պատասխանեց, թե ճանաչում է Կարլ Մարկիչին։