Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նրա աղջկան, Կատերինա Կարլովնա յի՞ն էլ ես ճանաչում։

— Ճանաչում եմ։

— Ա՛յ, նրան եմ նշանում քեզ հետ։

Որովհետև Սմբատը հավատացած էր, որ Պետր Ստեփանիչը հանաք է անում, այս պատճառով մի առանձին նշանակություն չտվեց նրա խոսքերին և ոչինչ չասաց։

— Տեսել ե՞ս ինքդ Կարլ Մարկիչի աղջկան։

— Տեսել եմ։

— Ի՞նչպեսն է, հավանո՞ւմ ես։

Սմբատը չպատասխանեց։

— Լավն է, չէ՞։

— Շա՛տ լավն է։

— Օհո՛, ինչ ղոչաղ ես, իսկ ես կարծեցի, որ չես հավանիլ, — ասաց Պետր Ստեփանիչը, ծաղրածությամբ ժպտալով։

Սմբատն ամոթից կրկին կարմրեց և գլուխը բոլորովին՝ թեքեց կրծքին։

— Դե՛հ, ուրեմն, պատրաստվի՛ր, — շարունակեց Պետր Ստեփանիչը, այս անգամ յուր դեմքին լրջություն տալով։

— Ի՞նչ եք հրամայում։

— Խոսք եմ ասում, իսկ դու դեռ ասում ես ինչ եք հրամայում, — ասաց Պետր Ստեփանիչը, տաքանալով։ Հեռագրիր, որ ձեր ընտանիքը շուտով ճանապարհվի այստեղ։ Ես երկու շաբաթից հետո գնալու եմ Նիժնի — Նովգորոդ, յարմարկա և ուզում եմ իմ ձեռքով բանը վերջացնել։ Այնտեղից քեզ համար երկու խաղարկու տոմսակներ եմ բերելու ընծա, մեկը քո բախտին, մյուսն էլ հարսնացվիդ բախտին։

Սմբատը բոլորովին զարմացավ, նա դեռ չէր հավատում, թե Պետր Ստեփանիչը խոսում է լրջորեն։

— Դե՛հ, լսեցիր խոմ, գնա, հոգիս, գնա՛, պատրաստվիր, — կրկնեց Պետր Ստեփանիչը վճռողական եղանակով։

Սմբատը տեղից չշարժվեց։

— Ա՛ռ, այս էլ ծախսիր, հետո, եթե բավականություն չի անիլ, էլի կտամ։

Այս ասելով, Պետր Ստեփանիչը բաց արավ սեղանի պահարանը,