երեք հատ հարյուրանոց հանեց և դրեց սեղանի վրա։ Սմբատը, փողերը տեսնելով, կարծես քնից սթափվեց։ Նա փոքր առ փոքր սկսեց ուշքի գալ։ Այն բանն, որ մինչև այդ վայրկյան ցնորք էր թվում, հետզհետե սկսում էր իրականանալ։ Սակայն նա չվստահացավ շարժվել տեղից և, մի հայացք ձգելով փողերի վրա, կրկին զարմացած նայեց Պետր Ստեփանիչի երեսին։
— Ի՞նչ ես տավարի պես նայում, վե՛ր առ, քեզ ասում եմ ու վեր կաց։
Սմբատը բարձրացավ տեղից։
— Հենց այժմ գնա, քեզ համար շորեր պատվիրիր, — կրկնեց Պետր Ստեփանիչը։
Սմբատը փողերը վերցրեց։
— Դի՛ր գրպանդ և մի՛ ուշանար։ Կեսօրին ինձ մոտ կգաս ճաշելու, ես քեզ մանրամասնորեն կբացատրեմ, թե ինչ կարգադրություններ եմ անելու քեզ համար։
Սմբատը, մեջքից երկու ծալ թեքվելով, գլուխ տվեց, առանց մի խոսք արտասանելու։ Հետո հետ ու հետ մոտեցավ դռներին և, այնտեղ կանգնելով, մի քանի անգամ ևս գլուխ տվեց ու դուրս եկավ։ Միաժամանակ Պետր Ստեփանիչի կրծքից դուրս թռավ մի խոր հառաչանք։
— Ո՛ւֆ, փառք քեզ աստված, չէի կարծում, որ այդպես հեշտ կպրծնեմ։ Ինչ ուրախ է հիմա Սմբատը, թևեր չունի, որ երկինք թռչի։ Բայց տեսնենք, հարկավոր է դեռ օրիորդի ծնողներին էլ համոզել։ Է՛հ, դա այնքան էլ դժվար չէ, ինչևիցե, պետք է զգույշ լինել, զգուշություն, զգուշություն ամենից առաջ։
— Կխոստանամ, կխոստանամ, Կարլին էլ, Մարիա Իվանովնային էլ, Սմբատին էլ, հետո․․․ տեսնենք․․․ այդ հեշտ է․․․
Եվ Դոլմազովն, այս ասելով, ձեռները ուրախությունից շփեց միմյանց և վեր թռավ բազկաթոռից, նա կանչեց սպասավորին և հրամայեց սուրճ բերել։
— Մամա ջան, ինչե՞ր ես ասում, շառլատան չէ։ Սմբատը աղավարի տղա է։