— Աղավարի է, թե աղավարի չէ, Կատյայիս մի մազին չարժի։ Ո՞վ կարող էր մտածել, թե Կատյան պիտի գնա մի կեղտոտ ու մուրոտ գործակատարի։
— Քեզի ասում են կեղտոտ չի մնալ, չէ՛, չէ՛ ու չէ, փիե՜ե՜․․․ Պետր Ստեփանիչը մաղազիա է բաց անելու հասկանո՞ւմ ես թե չէ,Սմբատին, ինձ և Արտեմին կոմպանիա է շինելու։ Համեցե՛ք, գնա տես ինչ քվարթիրա է ուստուպիյտ արել նրան, ինչ մեբիլներ։ Մի գնա է, հետո կիմանաս, թե Սմբատն ինչպիսի ժենիխացու է Կատյայիս համար։ Մարիա ջան, այսօր ես նրան տեսա, է՛հ, է՛հ, է՛հ, ինչպես ֆռանտ է հագնվել ու սիրունացել, էտո պռոստո կավկազսկիյ կրասավեց։
— Է՛հ, փառք քեզ աստված, ես ինչ էի մտածում, ինչ է դուրս գալիս․․․
— Չիլավ, դեհ ինչ անենք։ Իմանում ես, Մարիա, ասում են՝ դոկտորները նրան սավետովայտ են արել ժենիյտցա չլինի,էնդուր որ տկար է։
— Տկար է, տկար, այս քանի օրերս նշանվելու է Փիրզադովի աղջկա հետ, տկար է...
— Նո՞ւ — ու— ու, ի՞նչ ես ասում, դաա՞ ... ոտ, ոտ, ոտ, տեսնո՞ւմ ես, Մարիա, բաս Պետր Ստեփանիչը Փիրզադովի նման բաղաչին թող կանի ու ինձ նման կոկոյ նիբուդ պռիկաշչիկի աղջկան կուզի՞ ինչ է...
— Ինչո՞վ է պակաս Կատյան Փիրզադովի աղջկանից, խելքով, գեղեցկությունով, թե՞ շնորհով։
— Սուս, սուս, ոտ, ոտ, ոտ, ոտ ինչով է պակաս, դրամ, դրամ, պրիդանոյե, պրիդանոյե։
Դոլմազովի համար, ինչպես և կանխապես հավատացած էր, մի մեծ դժվարություն չէր Կարլ Մարկիչին համոզելը։ Բավական էր նրա կողմից մի քանի խոստումներ, և միամիտ մարդն իսկույն, շլացած այդ խոստումներից, առանց երկար մտածելու, վճռեց յուր աղջկան տալ Սմբատին։
Բայց այդքան հեշտ չէր համոզել Մարիա Իվանովնային։ Մարիա Իվանովնան ուրիշ տեսակ էր մտածում յուր աղջկա մասին։ Երբ Դոլմազովը մի գեղեցիկ առավոտ, գալով նրա մոտ, հայտնեց,