թե Կատյայի համար մի լավ փեսացու է գտել — Մարիա Իվանովնան նախ կարծեց, թե Պետր Ստեփանիչը մի պարզ ակնարկություն է անում սեփական անձնավորության մասին։ Մի քանի վայրկյան նրա սիրտը սկսեց բաբախել ուրախությունից։ Բայց ավա՛ղ, անցան այդ երջանիկ վայրկյանները, Դոլմազովն ավելի պարզորեն հասկացրեց նրան յուր միտքը, և խեղճ ծնողի ուրախությունն իսկույն փոխվեց տրտմության։ Մարիա Իվանովնան աչքունքը քաշ գցեց, դեմքը թթվեցրեց և ոչինչ չկարողացավ պատասխանել, միայն մի խորը հառաչանք արձակելով յուր կրծքից ձգեց Դոլմազովի երեսին նշանավոր հայացք։
Պետր Ստեփանիչը հասկացավ Մարիա Իվանովնայի միտքը, բայց ոչինչ նշանակություն չտվեց նրան։ Մարիա Իվանովնայի այդ նշանավոր հայացքն ու այդ խորհրդավոր լռությունն ավելի զորեղ և գուցե կծու ազդեցություն անեին Դոլմազովի վրա, եթե սա հավատացած լիներ, որ միամիտ մորը հայտնի է յուր թշվառ աղջկա գլխին եկած ծանր փորձանքն և այդ փորձանքից առաջացած վշտալի և անարգ հետևանքը։
Դոլմազովը գովեց ու գովաբանեց Սմբատին։ Նկարագրեց նրա խելքը, կրթությունը, եռանդը, գեղեցկությունն ամենագեղեցիկ գույներով։ Նա կրկնեց, թե պսակվելուց հետո Սմբատի համար կբացի մի լավ մագազին և Կարլ Մարկիչին և Արտեմին կընկերացնի նրա հետ, Սակայն Մարիա Իվանովնան՝ մնաց անտարբեր։ Նրա վրա այդ խոստումները չունեցան այնպիսի ազդեցություն, ինչպես Կարլ Մարկիչի վրա։ Նա չհափշտակվեց, չտվեց յուր համաձայնությունը, բայց և այնպես խնդրեց Դոլմազովին՝ մի քիչ միջոց տալ այդ մասին մտածելու և յուր ամուսնու հետ խորհրդակցելու։ Դոլմազովը հեռացավ, հուսալով, որ Կարլ Մարկիչը անշուշտ կհամոզի Մարիա Իվանովնային, և այդ դժվար խնդիրը, որն իրան այդքան անհանգստացնում էր, շուտով կվճռվի։
Բայց ի՞նչ էր մտածում ինքը, Կատերինա Կարլովնան․ համաձա՞յն էր նա, արդյոք Սմբատին գնալու։ Դոլմազովը, պետք է ասած, այդ մասին սկզբում շատ էր անհանգստանում։ Սակայն երբ նա մի անգամ ներկայացավ օրիորդին և, մի ժամու չափ առանձնանալով վերջինի հետ, խոսեց այդ մասին և իմացավ օրիորդի