Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միտքն, այնուհետև հանգստացավ և բավական ուրախ դեմքով վերադարձավ տուն։ Այո՛, Կատերինա Կարլովնայի պատասխանը շատ մխիթարական էր Պետր Ստեփանիչի համար և ուրիշ կերպ չէր կարող լինել։ Օրիորդի առջև, յուր անմխիթար դրությունից դուրս գալու համար, երկու ելք կար։ Նա կամ պիտի համաձայնվեր Պետր Ստեփանիչի առաջարկության հետ՝ պսակվելու Սմբատի հետ, կամ թե ոչ պիտի մնար յուր ծնողների մոտ և հայտնելով յուր գաղտնիքը վերջիններին, սպասեր այն նշավակության, որը սպառնում էր նրան մոտիկ ապագայում։

Վերջին միտքը սարսափեցնում էր Կատերինա Կարլովնային․ համեստության, ամոթի և վերջապես ինքնասիրության զգացմունքները չէին թույլատրում նրան հայտնել իր անջնջելի արատը ծնողներին։ Բացի այն նախատինքից, որը պիտի կրեր ինքը օրիորդը, դա կլիներ և մի անսպասելի զորեղ հարված, որին չէին կարող դիմանալ ո՛չ Կարլ Մարկիչը և ոչ Մարիա Իվանովնան։ Իսկ դիմել այն անբնական և հանցավոր միջոցին, որին դիմում են շատերն այդ տեսակ դրության մեջ, վտանգավոր էր և երկյուղալի։ Կատերինան խորշում էր այդ միջոցից ու վախենում։

Նա ցանկանում էր ապրել, բայց ապրել առանց գաղտնիքը ծնողներին հայտնելու, առանց հասարակության բամբասանքի և ատելության առարկա դառնալու։ Եվ այս նպատակին հասնելու համար նա չէր խորշում այնպիսի միջոցից, որ ատելի և զզվելի էր նրա համար։ ինչպես նույն ինքն ատելությունն ու զզվանքը։ Նա համբերում էր Դոլմազովի ներկայությունը, նրա հետ ժամերով առանձնանում էր և խորհրդակցում յուր ապագայի մասին, լսում էր նրա խորհուրդները։ Նա մինչև անգամ համաձայն էր պսակվել վերջինի հետ, միայն թէ կարողանար ծածկել յուր ամոթը․: Եվ Դոլմազովն օգտվում էր օրիորդի անտանելի դրությունից և կամաց-կամաց հաշտեցնում նրան յուր կեղտոտ պայմանների հետ․․․

Այսպես թե այնպես, օրիորդը համաձայն էր պսակվել Սմբատի հետ։ Համաձայն էր նույնպես և միամիտ Կարլ Մարկիչը։ Համաձայն չէր միայն Մարիա Իվանովնան։ Եվ ահա երկու ամուսինները տաք-տաք վիճաբանում էին ննջարանում առանձնացած։