Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սուսանին։

— Այ, ղոչաղ, — բացականչեց Հայրապետը, աջ ձեռը դնելով յուր որդու ուսին և ուղիղ նայելով նրա աչքերին։

— Սուտ, սուտ, սուտ է ասում, նա ինձ չի պաչել, — մեջ մտավ Սուսանը, որի գեղեցիկ թշերը, որ առանց այն էլ կարմիր էին, Սեյրանի խոսքերից հետո, վարդի գույն ստացան ։

— Դու ես սուտ ասում, պաչել եմ, միտդ չի։

— Լավ է, լավ, մի հրսոտվի, Սուսի ջան, ինչ անենք որ պաչել է, եղբայրը քրոջը կպաչի էլի, — հանգստացրեց մանուկներին Բարխուդարը, քաղցրությամբ նայելով նրանց երեսին։ Մանուկները լռեցին, Բարխուդարը չիբուխը կրկին վառեց և կրկին ընկավ մտածողության մեջ։

IV

Ընթրիքը պատրաստ էր։ Մարիամ բաջին և Գյուլնազը բաց արին մեջտեղ կապտագույն մաքուր սփռոցը և վրեն շարեցին տեսակ-տեսակ ուտելեղեններ։ Իրարու մրցմամբ երկու տանտիկինները ինչ որ ունեին բերին մեջտեղ․ գետնախնձոր, քամած մածուն, եփած հավ, ոչխարի խորոված, խաշած ձվեր, թթվեղեն, կանաչեղեն։ Իսկ Գյուլնազը յուր կողմից այս բոլորր զարդարեց խաղողի թունդ օղիով լիքը մի մեծ շշով, որ նա բերավ ու գրավ ուղիղ յուր ամուսնու ծնկան առաջ։ Բոլորը պատրաստելուց հետո, Մարիամ բաջին ու Գյուլնազը քաշվեցին մի կողմ։ Վերջապես, ընթրիքը սկսվեց, օղու բաժակները մի քանի անգամ լցվեցին ու դատարկվեցին։ Կարծես, երկու հարևանները կամենում էին ջնջել իրանց սրտերից ցերեկվա անցքից մնացած ծանր տպավորությունը։

Հայրապետի գլուխն ավելի շուտ տաքացավ, քան Բարխուդարինը։ Բանն այնտեղ հասավ, որ նա մինչև անգամ մոռացավ յուր կուժն ու կուլան։ Այս բավական չէ, նա յուր ալեխառն գլխից հանելով մորթու գդակը, փորձեց Քյոռօղլվի երգերից մինը կլկլացնել։ Սակայն Բարխուդարը, այս նկատելով, հիշեցրեց նրան, թե անհարմար է, որովհետև սուգ է, բոլոր հարևանները դրսումն են, կլսեն և կծիծաղեն։