— Ափսո՛ս, ափսո՛ս, Բարխուդար, էշխս միջումս թողիր։ Այ, հաա՛յ, հա՛յ փուչ է, փուչ աշխարհս, Տեր-Մաթալն ասում է․ «և ասե հող էիր ու հող դառնաս»։ է՛հ, քեֆդ քոք պահիր, ի՛նչ կա, փառք աստուծո, մեռնեմ նրա զորութենին, նա ուզում էր մեզ խրատել ու խրատեց, լավ խրատեց, շատ լավ խրատեց։ Ամա կուժ ու կուլաս զըրընգ-զըրընգ հա՛ա, փահ, փահ, սիրտս էր մղկտում, չունքի դե էլի ապրանք է էլի։ Ադա, է՜հ, ջառ ու ջհաննամը, խալխը կտորվեց, կուժ ու կուլաս մատաղ Սեյրանիս ու Սուսանիս գլխի մի մազին։
Արտասանելով այս խոսքերը, Հայրապետն օղու բաժակը միանգամից դատարկեց և, յուր կարճլիկ բեղերը սրբելով, թաշկինակը ձգեց ուսերին։
Բարխուդարը ատում էր և թեև ըստ երևույթին լսում էր հարևանի ճառաբանությունը, բայց ներքուստ, կարծես, միտքը ուրիշ բանով էր զբաղված։
— Ինչքան որ, Բարխուդար ջան, ֆիքր անես, հարյուր կոպեկը էլի մի մանեթ է․ հո՛ղ, հո՛ղ, ամեններս հող ենք դառնալու։ Մարիամ ջան, Գյուլնազ խանում, կոնծեցե՛ք, որ սիրտներդ բացվի, մոռանաք էսօրվա տեսածներդ։
Բարխուդարը լուռ ու մունջ ընթրում էր, երբեմն օղին կում անելով քիչ-քիչ։ Երթ Հայրապետը լռեց, նա հանկարծ արագությամբ սրբեց բեղերը և, մի ձեռով բարձրացնելով օղու շիշը, մյուսով բաժակը, ասաց․
— Հայրապետ, մտքովս մին բան է անցնում, մին թաս էլ արաղ ածի՛ր, տեսնենք։
— Թող հազարն անց կենա, ամա խեր իլի։ Ասում ես, որ ածեմ։ Օհո՛, բաշ յուստա, ջանս դուրս գա, ի՛նչ անեմ, ճարս կտրած, պիտի դժվար հրամանդ կատարեմ։
Հայրապետը բաժակը պահեց ձեռքին, Բարխուդարը լցրեց մինչև ծայրը։
— Դե՛հ, հիմա կարող ես հրամայել, Բարխուդար ջան, տեր աստված, դու խերը վերաբերես։
— Խեր չիլած, ի՛նչ կա, փառք աստուծո։ Հայրապետ, առաջ էս թասը խմենք մեր Սուսանի և Սեյրանի կենացը։ Ողորմած աստվածը