Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր ծերության օրում մեզ խնայեց ու նրանց մեզ մեկ էլ նորից բաշխեց, թո՛ղ օրես դեն էլ պահի ու պաշտպանի մեզ համար։

— Երկու ձեռներով պինդ պահի, աֆարիմ, աֆարիմ, Բարխուդար, ճարտար լեզվիդ ղուրբան, — բացականչեց Հայրապետը, միանգամից պարպելով բաժակը։

— Հայրապետ, քանի տարի է, մենք միասին հարևանություն ենք անում, էսքան ժամանակ, գոհություն աստուծո, մենք մի անգամ էլ իրարուց չենք նեղացել։

— Իսկի՛ իսկի՛, ո՛վ է տեսել, որ ես քեզ կամ դու ինձ ասած իլես․ «այ մարդ, ոտդ էրվում է, մի կողմ դիր», — ընդմիջեց Հայրապետը։

— Ինչպես մենք, էնպես էլ մեր օղլուշաղը, ապրել ենք սեր, միաբան, որ թե աստծուն է դուր եկել, թե մարդկանց, — շարունակեց Բարխուդարը։ — Ինչ արած, որ եղբայր չեմ ունեցել, աստված վկա է, որ քեզ եղբորից ավելի եմ սիրել։ էհ, Հայրապետ, չեմ իմանում, եթե մերս որ ինձ պես մեկն էլ ծներ, ես նրա հետ ինչպես պիտի վարվեի։ Մտիկ եմ տալիս հիմիկվա աշխարհին, մտիկ եմ տալիս հիմիկվա եղբայրներին ու օղորմի եմ տալիս մորս հոգուն, որ նա ինձ համար եղբայր չի ծնել։ Ո՛վ է իմանում, նա էլ ինձ համար ուրիշների եղբորց նման եղբայր կլիներ, որ հիմա փողի համար իրարու գլուխներն են ծակում, ինչպես հրեն Ղարդուշանց Եփրեմը ու Գրիգորը։ Աստված վկա, ամեն մի մտիկ անելիս հիմիկվա աշխարհին, որ միտք եմ անում, մազերս դիք-դիք են կանգնում, մարմինս փշաքաղում է։ Հայրապետ, ցավերս եռ են գալիս, բաշխիր, Հայրապետ, մարդս կեղտոտվել է, մարդս փչացել է։ էլ հա յա, էլ աբուռ չի մնացել, նամուս ասված բանը ճրագով որ փնտրես, չես կարող գտնել, չկա՛։ Բաս աստված ինչ անի, որ էս ամենը տեսնելով, էսօրվա պես պատիժ չհասցնի մեր մեղավոր գլխին։ Թացն էլ էրվում է չորի կրակով։ էլ գողություն ասես, մարդասպանություն ասես, խաբեբայություն, սուտ ասել, էլ մի մեղք չի մնացել, որ չանեն։ Չմուշկ կարողը փտած կաշուց է կարում, դերձակը մուշտարու չուխից ավելացած մահուդն է դազգյահի տակը կոխում կամ «մինդարալթի» անում, էլ որ մինը ասես։ Հիմա դե, էլ ինչ երկարացնեմ, Հայրապետ, խոսքս նա է, որ էս ամենը,