տեսնելով, մեր քաղաքի խալխից զզվել եմ և էդ պատճառով է, որ էսօրվա օրը ես ոչ մի մարդու հետ գործ չեմ ուզում բռնել։ Մի հատ մարդ, որ իմ աչքումս հալալ է երևում, Հայրապետ, դա դու ես։ Չասես, որ երեսիդ եմ ասում։ Ուրեմն, էս թասն էլ խմում եմ, որ աստված մեր եղբայրությունը մինչև մեր մահի դուռը հաստատ պահի...
— Ամեն, ամեն, — կրկնեցին մյուս կողմից Մարիամ բաջին և Գյուլնազը միաբերան հազիվ լսելի ձայնով։
Սմբատը, Սուսանն ու Սեյրանը արդեն քնած էին։ Իսկ ինչ վերաբերում է Հայրապետին — նա, օղիի ազդեցությունից փայլող աչքերը չռած, ուշադրությամբ լսում էր Բարխուդարի ճառը։ Վերջին խոսքերը լսելու ժամանակ խեղճ մարդը այլևս չկարողացավ զսպել յուր արտասուքը։ Նա սկսեց փոքրիկ մանկան նման հեկեկալ։
— Հիմա երեխայի պես լաց ես իլում, ամա ինչ որ մտքովս անցնում է, նա էլ որ ասեմ, Հայրապետ, պիտի ծիծաղես։ Անպատճառ կծիծաղես, ինչու որ շատ լավ բան եմ ասելու։
— Ասա՛, ասա՛, Բարխուդար ջան։ Իմ լեզուս, Տեր-Մաթալի ասած, Զաքարիայի լեզվի պես պապանձվել է, ես խոսելու, հնար ունիմ։
— Միտքս էն է, Հայրապետ, որ մենք պիտի աշխատենք մեր բարեկամությունը պինդ պահել, որ չլինի թե մեր միջովը սև կատու անցկենա։ Մենք պիտի էնպես մոտիկ ապրենք, որ ջուրը ջրութենով մեր արանքով չանցնի։ Լսո՞ւմ ես. ջուրը ջրութենով։ Հիմա դու կհարցնես, դա ի՛նչպես կլինի։ Ականջներդ լավ բաց արա, Հայրապետ ու լավ լսիր, տե՛ս ինչ եմ ասում։ Դու քնում ես, այ մարդ։
Իրավ, Հայրապետը, կարծես, ուզում էր քնել։ Նրա կոպերը հոգնածությունից և օղիի զորությունից այնքան ծանրացել էին, որ չէր կարողանում աչքերը բաց պահել։ Իսկ տանձի կոթի պես թուլացած շլինքը ուժ չուներ, որ նրա գլուխը ուղիղ պահեր, ուստի վերջինը տատանվում էր այս ու այն կողմ։
— Մի քիչ գլուխս թարազ չի, ամա ասա՛, ասա՛, Բարխուդար, խոսքերիցդ մինն էլ բաց չեմ թողնում։
— Թարազ պահիր, տես ինչ եմ ասում։
— Հըը՛...