Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայրապետը գլուխը մի կերպ բարձրացրեց, կոպերը հոնքերի հետ ուժով քաշեց դեպի ճակատը և նայեց Բարխուդարի երեսին։ Ճրագի դեղնագույն լուսո առաջ նրա կարմրած աչքերը փայլեցին։

— Շատուց է, որ տեսնում եմ իմ Սուսանիս և քո Սեյրանիդ մեջ կա մի մոտավորություն․ նրանք իրարու հետ էնպես են վարվում, ինչպես մի հորից ու մի մորից ծնվածներ։ Ե՛կ, Հայրապետ ջան, մենք էլ մեր ձեռքով էս երեխաների սերը հաստատենք և մեր բերանով օրհնենք։ էսօրվա օրը նշանավոր է, ե՛կ Սեյրանին և Սուսանին հենց էս գիշեր իրարու հետ կապենք ու աստծուն բաշխենք։ Ես Սուսանիս բաշխեցի քո Սեյրանին, Սուսանը, փառք աստուծո, օրեցօր չափահասանում է։ Էսօր էգուց նրան, մեր քաղաքի սովորությունն է, պիտի գցենք տուն, որ յար տղի երես չտեսնի, ինչպես որ աղջկա պարտքն է և ինչպես որ մեր պատիվն է ուզում։ մա ես իստակ սրտիցս խոսք եմ տալիս, որ Սուսանս Սեյրանինը կլինի։ Իմ ասածս ասած է, արածս էլ արած․ խոսքիցս հետ չեմ կանգնիլ, եթե Սեյրանիդ էնպես կմեծացնես, որ նա մեր քաղաքի «կապը կտրածների» պես տղա չդուրս գա։ Լսում ե՞ս։ Դե, Հայրապետ ջան, ի՛նչ կասես, լավ միտք եմ արել, թե՞ չէ։

Բարխուդարի խոսելու ժամանակ Գյուլնազի և Մարիամ բաջու քչփչոցը քանի գնում, այնքան կենդանանում էր։

Երբ Բարխուդարը, յուր խոսքերը ավարտելով, դիմեց Հայրապետին, հարցնելով նրա կամքը, վերջինը մի քանի վայրկյան ոչինչ չպատասխանեց։ Նա ապշած նայում էր յուր հարևանի երեսին։ Հանկարծ սթափվեց, գդակը գլխից վերցրեց և խփեց գետնին։

— Մարիամ ջան, Մարիամ ջան, մի մոտ ե՛կ, էստեղ վազիր, մոտս, ա՛յ, հաա՛, հա՛ էստեղ կանգնիր։

Մարիամ բաջին զարմացած մոտեցավ յուր ամուսնուն և կանգնեց նրա մոտ, մի ձեռով շալի ծայրը բերանին պահած։ Հայրապետը բռնեց նրա արխալուղի փեշից, կարծես, վախենալով, մի գուցե փախչի։

— Մարիամ ջան, դու քո հոր աղջիկը չես իլի, մարդու զավակ չես իլի, թե որ սուտ ասես։ Չիլավ, հալա մին երեսիդ խաչակնքիր տեսնեմ, հաա՛, էդպես։ Դեհ, Մարիամ, ցավդ առնեմ, հիմա ասա՛, քանի-քանի անգամ եմ ես ֆիքր արել հենց Բարխուդարի ասածը։