Հը՞մ, միտդ չի՞, ասա էլի, լալ հո չես. հը՞մ, քանի անգամ եմ քեզ ասել, որ լավ կլինի մեր Սեյրանին Սուսանի հետ բեշիգքյարթմա անենք։ Ասա՛ էլի․․․
Մարիամ բաջին դեպի Բարխուդարի կողմը գլխով նշան արավ թե ճշմարիտ է ասում Հայրապետը։
— Չէէ, չէ, չիլավ, լեզվովդ ասա։ Խոսի՛ր, խոսիր, հաջաթ չի, մի ամաչիր, — հրամայեց Հայրապետը։
— Ղորթ է ասում, շատ է ասել, — փնթփնթաց քթի տակ Մարիամ բաջին։
— Լսում ե՞ս, Բարխուդար։ Դեհ, հափ-հափ հուռռա, էս թասն էլ կխմենք Սուսանիս և Սեյրանիս նշանդրեքի համար։
Մարիամ բաջին մոտեցավ Գյուլնազին։ Երկու տանտիկինները, օգուտ քաղելով հաջող դեպքից, վերջապես կամեցան գոնե առժամանակ արձակել իրանց լեզուների կապը։
— Հըմ, ի՛նչ կա, քչփչում եք, խոսեցե՛ք, տեսնենք, դո՛ւք ինչ եք ասում, — դիմեց նրանց Բարխուդարը։
— Աստված շնորհավոր անի, բախտավոր լինեն, մեծանան, պսակենք, ծլեն, ծաղկեն, մենք էլ խեղճ ենք, տեսնեք մեր էս կարոտ աչքերով ու ուրախանանք, — խոսեց Մարիամ բաջին բարձր ձայնով։
— Այ ախչի, թող մի բան բերենք, որ բերանները քաղցրացնեն, — մեջ մտավ Գյուլնազը, մի ձեռով շալի ծայրը բերանին բռնած, մյուս ձեռի արմունկով բոթելով Մարիամին։
— Մուրաբաներից բերեցեք, տեսնենք, — հրամայեց Բարխուդարը։
— Թո՛ղ ես բերեմ, — ասաց Գյուլնազը, տեղից բարձրանալով։
— Չէ, թող ես բերեմ, — հակառակեց Մարիամ բաջին, բռնելով Գյուլնազի թևից և կամենալով կրկին նստեցնել յուր տեղը։
— Չէ՛, ես կբերեմ։
— Չէ՛, չէ՛ մերը լավն է՜, նոր եմ եփել։
— Մերը նարինջի է։
— Մերն էլ վարդի է։
Երկու տանտիկինները մի քանի վայրկյան այնպես ոտի վրա