— Եկ տես, որ քո նամուսով մարդը հիմա ինչ է արել։
— Հը՞մ։
— Գողություն։
— Չէէ՞։
— Հաա՛, հը՛մ, ի՛նչ աներ, որ գողություն չաներ, ասում է․ անճարը կերել է բանջար։ Երկու թե երեք ամիս էր դուքանի քրեհ չէր տալիս, դե, տասը կորիզ չունի, տասը մանեթ ո՛րտեղից տա մի տուն երեխեքի տեր մարդը։ Անջախ մի կտոր ցամաք հաց է կարողանում աշխատել օրական, մի ջուխտ չմուշկ խշտելով։ Դուքանի տերը չոքում է բողազին, թե աղջիկ ես` ծնի՛ր, տղա ես` ծնի՛ր, քրեհը տուր։ Դես ու դեն է ընկնում Վարաքը, օչով տասը մանեթ փող չի հավատում նրան։ Երեկ չէ, մեկէլ օրը տերը գալիս է ու ասում․ «եթե էգուց մինչև սհաթի տասը փողերս չտաս, դուքանից դուրս եմ բերելու ու ապրանքդ էլ ծախելու եմ, որ քրեհս հանեմ»։ Վարաքի փոխանը ոտներն է ընկնում, հա դես, հա դեն, աղաչում-պաղատում է, ասում է․ երեխերքս սովածությունից մեռնում են։ Չի լինում, դուքանի տերը խեղճի երկու ոտը մի չումուշկում է դնում։ Առավոտը Վարաքը կոտրված փշրված սրտով, մի կտոր ծաղկած հաց ծոցում դրած, գնում է դուքան։ Գնում է ու մտքումը աղոթք անում․ «աստված, դու երկնքից ինձ համար տասը մանեթ փող գցես, որ պարտքիցս ազատվեմ»։ Հենց նոր Վարաքը սկսած է լինում աշխատելու, մի թուրք բեկ մտնում է դուքան։ Բեկը նրան մի ջուխտ սաղրի չմուշկ է պատվիրում կարելու։ Վարաքը չափսը վերցնում է, թուրքը ջբից հանում է արծաթի փողով լցրած մի մեծ քսակ, որ չմուշկի բեհը տա։ Բեհը տալիս է ու դուրս գնում։ Բայց չեմ իմանում ինչպես է լինում, ի՛նչպես չի լինում, փողի քսակը մոռանում է ու թողնում դազգյահի վրա։ Նրա դուրս գնալուց հետո Վարաքի աչքը ընկնում է քսակի վրա։ Սոված գայլի պես, խեղճ կոշկակարի աչքերը դրուստ չորսանում են։ Առաջ ուզում է, որ բեկին կանչի ու փողը տա իրան, բայց մեկ էլ մտածում է․ «բալքա հենց աստված իմանալով է թուրքին մոռացնել տվել, որ ես նրա փողերով ազատվեմ»։ Ասում է ու, մի խոր թառանչ քաշելով, քսակը բանում է ու փողերը համարում։ Դրուստ տասներկու մանեթի աբասիներ ու երեք շահանոցներ են լինում։ Վարաքը դողդողալով