Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռով կրծքիս մի պինդ կոփում։ էլ նրանից դեն ինչ է լինում, ինչ չի լինում, ոչինչ չեմ իմանում։ Աչքերս մթնում են, ուշքս գնում է, ընկնում եմ։ Շատ եմ մնում թե քիչ, աստված գիտե, մեկ էլ աչքերս բաց եմ անում, տեսնում եմ, որ Սմբատս երեսիս ջուր է շաղ տալիս։ Սուսանս մազերը թափված, կապտած երեսով անձրևի պես արտասուք է թափում աչքերից։ Ինքն էլ, չիբուխ քաշելով, գիժ կովի պես պտույտ-պտայտ է անում։

— Անունդ սև քարին գրվի։ Սեյրան տղա, — աղաղակեց հանկարծ Մարիամ բաջին, կրծքին խփելով։

— Լեզուդ պապանձվի, մի՛ ասի, մի՛ ասի, այ կնիկ, — ասաց Գյուլնազը, կրկին արտասվելով։

— Չասեմ, բաս ի՞նչ անեմ։ Նա, նա, էն սև երեսը բաս մեզ ուզում է խայտառակ անի՞։ Բաս ուզում է էս քաղաքի մեջ, խալխի բերանում մեզ բերանի ծամոն շինի՞։ Վայ քո օրին, Մարիամ կնիկ։ Սեյրան տղա, թե տուն կգաս, կտեսնես, թե քո գլխին ինչ օյին բերել կտամ։ Քո հերդ էս լեղին խմողը չի, նա կթափի գլխիդ։ Ասում էի էս գիշեր, որ հալդ հալ չէր, Սեյրան տղա։

— Դու լինես, էն աստոծը, Մարիամ բաջի, չլինի չիմանամ, որ Սեյրանին մի բան ասես, ես հենց դրանից եմ վախենում, տաքարյուն տղա է, ով գիտե, ինչ կանի, ինչ չի անի։ Բարխուդարը, առանց էն էլ երդումաճաք իլավ, որ մարդիդ պիտի ասի։ Դու լինես էս օրվա օրը, Մարիամ բաջի, էնպես արա, որ էս բանը քնի, թե չէ մին Շամախին կլինի, մին էլ մենք, մի մատ մեղր կդառնանք խալխի բերանում։

Մարիամ բաջին արխալուղի թևերը կրկին քաշեց յուր տեղը, մազերը ուղղեց, բարձրացավ տեղից, փեշերից ալյուրի փոշին թափ տվավ և ասաց․

— Վեր կաց ոտքի, վեր կաց գնանք երեխիս մոտ։

— Ինչ գնաս, տաքացած ընկած է․․․ օրը անց է կենամ, հացդ կմնա։

— Զահրումար ուտեմ հացի տեղ, վե՛ր կաց, ասում եմ։

Գյուլնազն և Մարիամ բաջին գնացին Սուսանի մոտ։

Սուսանը պառկած էր անկողնում։ Երբ Մարիամ բաջին և Գյուլնազը ներս մտան, նա մի վայրկյան գլուխը հանեց վերմակի