Էջ:Shirvanzade I hator.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեջքի կողմից, չուխայի տակից Սեյրանը դուրս հանեց մի մերկ դաշույն, որ իսկույն պսպղաց ճրագի լույսից։

Հայրապետը թուլացավ, Բարխուդարը մնաց նույն դրության մեջ ինչպես առաջ։

— Ուրախացի՛ր, Հայրապետ, փառավորվիր, որ դրա պես տղա ունես, — ասաց նա, գդակը գլխին դնելով, որ դուրս գնա։

Սեյրանը մնաց անշարժ։ Նա չէր սպասում, թե յուր սպառնալիքը այդպիսի անհաջող ազդեցություն կունենա Բարխուդարի վրա։ Նա կարծում էր, թե վերջինը տեսնելով յուր հուսահատությունը, կվախենա և կզղջա։

— Սպասի՛ր, մի գնար, ես ի՞նչ եմ արել, ումի՞ տղից եմ վատ։ Հը՞մ, ի՞նձ ես շառլատան ասում։ Ես ի՞նչ մեղավոր եմ, ի՞նչ մի մեծ մեղք եմ գործել, մի քանի անգամ Սուսանին տեսնելով։ Սիրտս ուզում էր, եկա, տեսա, դա ի՞նչ մեղք է, որ դրա պատճառով այդքան ինձ չարչարում եք։ Հայրս ծեծել է ինձ ու փողոցները գցել, դու էլ, այդ հասակի մարդ, չես ամաչում, եկել ես ու ասում, «մեր բարեկամությունը էսօրվանից կտրվում է»։ Ինչ ուզում ես արա, բայց Սուսանին իմ ձեռիցս մի խլիր, թե չէ` աստված է իմանում, որ այս խանչալը նրա էլ, իմ էլ սիրտը կմտնի։

— Քաշիր, ասում եմ քեզ, այ տավար, լակոտիդ կապը։ Նահլաթ, նահլաթ, աչքերս արյուն է կոխում, հոգին քթի ծակերից դուրս կբերեմ։

— Ադա, կտրիր ձայնդ, դուրս եկ, կորիր, քեոփօ...— գոռաց, վերջապես, Հայրապետը, հարձակվելով յուր որդու վրա և բռնելով նրա կոկորդից։

— Հեռացի՛ր, — հրեց ձախ ձեռքով յուր հոր կրծքին Սեյրանը։ — Ո՛չ քեզանից եմ վախենում, ոչ էլ նրանից։ Ի՞նչ եք ուզում ասել։

Հայրապետը կրկին մոտեցավ նրան և, այս անգամ բռնելով երկու ձեռներով նրա փեշերից, ասաց․

— Համեցեք, համեցեք, աղբեր, դուրս կորիր էլի, չեմ ուզում, դու իմ որդիս, դու իմ սոնկս չես, աղբեր, կորիր էլի, փի՛եե...

— Թո՛ղ, ես կռիվ չեմ անում, թող որ սրտիս ուզածն ասեմ...

Հայրապետը նրա բերանը սեղմեց մի ձեռով, իսկ մյուսով սկսեց նրա գլխին բռունցքներ տալ։