Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սանդուղք, որ ձգված էր պատի տակ։ Սեյրանի գլխում մի միտք ծագեց։ Մի քանի րոպե անշարժ կանգնեց, ինքն իրան կրկնելով. «անեմ թե չէ, անեմ թե չէ»։ Ի՛նչ որ լինում է, թո՛ղ լինի, — ասաց վերջապես, վճռական եղանակով, մոտեցավ սանդուղքին, բարձրացրեց երկու ձեռներով և զգուշությամբ պարսպի դեմ կանգնեցրեց։ Կատվի արագությամբ նա բարձրացավ պարսպի գլուխը և սկսեց նայել դեպի Բարխուդարենց տունը։ Դռները բաց էին, ճրագը վառ էր։ Բարխուդարը մեջքը պատին տված, նստած, չիբուխ էր ծխում։ Գյուլնազը նույնպես նրա դեմ ու դեմ նստած կար էր անում։ Սմբատը և Սուսանը չէին երևում։ — Երևի, նրանք քնած են, — մտածեց Սեյրանը, միևնույն ժամանակ Սուսանին որոնելով։ Հանկարծ սենյակի դռների սյամի վրա նշմարվեց մի կանացի կերպարանք։ Սեյրանի սիրտը թրթռաց։ Նա իսկույն ճանաչեց Սուսանին։

Ինչպես է դեղնել, լղարել, երևի խեղճը հիվանդ է։ Դուրս է գալիս, ձեռում ափսեներ կան, գնում է խոհանոց։ Ի՞նչ անեմ, թռչեմ, առաջը կտրե՞մ։ Բայց չէ, կվախենա։ Ի՞նչ անեմ, էհ, ինչ որ լինելու է, թող լինի, էլ ուրիշ հարմար ժամանակ գուցե չունենամ։

Մի ակնթարթում Սեյրանը պարսպի գլխից թռավ Բարխուդարանց բակը։ Պարիսպը բավական բարձր էր։ Սեյրանի ընկնելու աղմուկը հասավ Սուսանի ականջներին, նա վախեցած, գլուխը բարձրացրեց։ Տեսնելով, որ մի մարդկային կերպարանք մոտենում է իրան, Սուսանը կամեցավ ներս փախչել, բայց Սեյրանը նրա ճամփան կտրեց։

— Սուսա՛ն, Սուսան, աղաչում եմ, սպանիր ինձ, գլուխս կտրիր, դեն գցիր, բայց երկու րոպե ինձ լսի՛ր։

— էլի դո՞ւ ես, Սեյրան, ի՞նչ ես ուզում, հեռացի՛ր։

— Չեմ կարող, ես կգժվեմ, չոլերը կընկնեմ, սիրտ տուր ինձ։

— Գնա՛, եթե ինձ սիրում ես, էլի դուրս կգան, — պատասխանեց Սուսանը, երկյուղից դողալով։

Սեյրանը բռնեց նրա ձախ ձեռը։

— Ինձ վռնդո՞ւմ ես, Սուսան։

— Սուսանը լեզու չունի, Սուսանը աչքեր չունի, Սուսանը այս աշխարհում չի, Սուսանը մեռել է, դե, ձեռ քաշիր, — պատասխանեց օրիորդը թույլ և դողդոջուն ձայնով։