Էջ:Shirvanzade I hator.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գյուղացիները բեռնած էշերը իրանց առաջ գցած, քշում են փողոցից փողոց։ Դրանք մրգավաճառներ են, որոնք անդադար գոչում են բարձրաձայն «ա՛յ զողալ (հոն) առնող, մանը երկու շահի, այ խիար (վարունգ) առնող, հարյուրը մի աբասի» և այլն, և այլն։ Գյուղացիների ձայնին հետևում է քաղաքի մրգավաճառի ձայնը, որը ահա սև թուզով լցված մի ահագին տաշտ գլխին անցնում է, ստեպ-ստեպ կրկնելով․ «սաբահիիի, այ լարա ինջիր»։ Երբեմն-երբեմն բացվում են այս ու այն տան դռները և մի կին կամ մի օրիորդ շալով փաթաթած գլուխը դուրս է ցցում։ Նախ և առաջ նա նայում է աջուձախ և տեսնելով, որ օտար մարդ չկա փողոցում, մի պղնձյա սկուտեղ ձեռում դուրս է գալիս փողոց։ Շալի տակից նա ձեռով նշան է անում մրգավաճառին։ Մրգավաճառը մոտենում է, մի քանի րոպե շարունակվում է սակարկությունը․ վերջապես, գնողը մի քանի սև փողեր ձգելով մրգավաճառի առաջ, միրգ է կշռել տալիս, սկուտեղը լցնում և շտապով ներս սլկվում։ Ահա արհամարհական ժպիտը երեսին, բեղերը անդադար ոլորելով, աջուձախ մտիկ անելով, ուղիղ փողոցի մեջտեղով գնում է յուր խանութը նոր հարստացած մանրավաճառ Խաչովը։ Նա բուխարու գդակի տեղ գլխին դրել է ֆուրաշկա, իսկ չմուշկների փոխարեն` հագել է եվրոպական կոշիկներ։ Կոշիկները ճռճռում են, և Խաչովը դիտմամբ է սալահատակի ավելի հարթ և մեծ քարերի վրայով գնում, որ այնտեղ ավելի բարձր ձայն հանեն յուր կոշիկները։ Ամեն անգամ ոտը փոխելիս զրընգ-զրընգում են նրա ձեռի բանալիները, չըխկ-չըխկ կպչում է ժամացույցի քողը արծաթե քամարին և դրանց ձայները խառնվելով կոշիկների ճռճռոցների հետ, կատարյալ մի համերգ է նրա համար։ Եվ Խաչովը, այդ համերգով հափշտակված, աչքերը վառված, ընթանում է առաջ ծանր և հպարտ քայլերով։ Խաչովի հետևից կեղտոտ թաշկինակի մեջ փաթաթած հաց ու պանիրը կռնատակին դրած և մի կապ կիսակար չմուշկներ ուսովը ձգած, գալիս է կոշկակար Թամրազը։ Ահա Թամրազը հավասարվեց մանրավաճառին, քիչ հեռացավ հետ ու հետ, մի վայրկյան կանգնեց, երեսը դարձրեց նրան, ձեռները կրծքին դարսեց և «բարի լույս աղին» ասելով, գլուխ տվավ։ «Աստուծո բարին, ուստա», —