Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխանեց մանրավաճառ Խաչովը, առանց նայելու «ուստայի» երեսին և առանց ընդհատելու յուր կոնցերտը։

Ամենքը իրանց գործին էին շտապում։ Իսկ մեր Հայրապետը, չնայելով որ առավոտները սովորաբար ամենից վաղ էր գնում խանութը, դեռ փողոցում չէր երևում։ Նա դեռ տանն էր։

Թևավոր չուխան ուսերին ձգած, սրածայր գդակը գլխին, նա անցուդարձ էր անում սենյակում, անդադար ներս ծծելով չիբուխից դառն ծխախոտի թունավոր ծուխը և կրկին ահագին քուլաներով դուրս թողնելով օդի մեջ։

Նրա գունասպառ դեմքը, կնճռված ճակատը, ծռմռված շրթունքները, դողդոջուն ձեռները, անհաստատ և անկանոն քայլվածքը, այս բոլորը, բոլորը հաստատում են, որ նա գտնվում է հոգեկան սաստիկ խռովության մեջ։ Ժամանակ-ժամանակ, երբ նա չիբուխը հանում է բերանից և ծուխը բաց թողնում, նրա ծռմռված շրթունքներով սահում է մի դառն կսկծալի ժպիտ։ Այդ վայրկյաններին ծերունու անորոշ հայացքը, կարծես անգիտակցաբար, ընկնում է Մարիամ բաջու վրա, որ նստած է սենյակի մի անկյունում։

Մարիամ բաջին չէր նայում յուր ամուսնուն։ Սովորականին հակառակ նրա գլուխը բաց էր և կարճլիկ մազերը անկանոն կերպով սփռված էին ուսերի վրա։ Գլուխը կարմիր թաշկինակով փաթաթած, նրա դեմուդեմ անկողնի մեջ պառկած էր Սեյրանը։ Նրա փակ աչքերից, սեղմված շրթունքներից երևում էր, որ քնած էր։ Մարիամ բաջին անդադար հառաչելով, ախ ու ուֆ քաշելով, շուտ-շուտ յուր ձեռը դնում էր նրա ճակատին և կրկին հետ քաշելով, կրկնում․ «տաքացրել է»։ Թաշկինակի տակից Սեյրանի ճակատի վրա փայլում էին արյունի կարմիր կաթիլներ, որ չորացել էին ու կպել կաշվին։ Նրա երեսը ուռած էր և տեղ-տեղ կապտած։

Երբ վերջին անգամ Մարիամ բաջին գլուխը դարձրեց դեպի յուր որդու երեսը և համոզվեց, որ նա քնած է, զգուշությամբ բարձրացավ տեղից։

— Դուրս եկ, երեսդ լվա, գլուխդ կարգի բեր, հիմա կգան, կհավաքվեն կեղծավորները ու էլի կսկսեն սուտ-սուտ ախ ու վախ քաշել, — խոսեց Հայրապետը ցած ձայնով, երևի, նույնպես չկամենալով խանգարել Սեյրանի քունը։