— Ջհաննամ, որ կգան, դարդս խո նրանք չեն, — պատասխանեց Մարիամ բաջին, խորը հառաչանք արձակելով կրծքից և ուղղելով գլխի մազերը։ — Ախար, ա՛յ մարդ, էլի դու կարգին չես ասում, թե ի՛նչպես է պատահել էս անցքը երեխիս։
— Խոցոտված սրտիս մատ մի՛ կոփիլ, աստված սիրես, — պատասխանեց Հայրապետը, երեսը շուռ տալով յուր ամուսնուց։
— Յարադան աստված, դո՛ւ նրանց հախին գաս, դո՛ւ նրանց ծնողներին էլ էս օրին հասցնես։
— Իսկի խալխի համար անեծք մի՛ անիլ, ոչ նրանք են մեղավոր, ոչ էլ ծնողները։
— Հապա ո՞վ է երեխիս չախլախ արել ու էս օրը գցել։
— Ինքը, հախն է։ Թո՛ղ չարչարվի, տնքտնքա, խելքը գլուխը կգա։ Հը՛մ, ինչ սոնկ է՞, «խելքը գլուխը կգա»։ Եթե էշի պոչը տափին կհասնի, դա էլ կխելոքանա։ Սեյրան, ուրիշ անեծք չունեմ, տա՛ աստված, որ դու էլ ինձ պես հայր լինես ու քեզ պես տղի ձեռին տանջվես։ էս ի՛նչ օր է, ի՞նչ ապրել է, տեր աստված, մի անգամ ա՛ռ հոգիներս ու ազատիր էլի։
— Հերիք է, ա՛յ մարդ, քի՛չ սիրտդ մըղ-մըղ մաշիր։ էլի օրհնյալ լինի աստված, որ երեխիս կենդանի են բերել, որ սպանած լինեին, ի՞նչ պիտի անեինք։
— Երանի չէր, որ սպանեին ու պրծներ, մենք էլ ազատված կլինեինք։
— Ո՛ւֆ, լեզուդ չորանա։
— Չէ՛, բաս մնալու է, էսօր կենդանի են բերել, վաղը կամ մյուս օրն էլ աստուծո կարող զորությամբ կամ գլուխը կբերեն, կամ փորը ծխով լցված։
Մարիամ բաջին, որպեսզի չլսի յուր ամուսնու կսկծալի խոսքերը, հեռացավ սենյակի մյուս անկյունը ու այնտեղ սկսեց յուր հագուստը կարգի բերել։
— Հրես ասում եմ, աստուծով մի օր կլինի ու դու էլ կտեսնես, — շարունակեց Հայրապետը, կարծես, դիտմամբ, որ ավելի ու ավելի վշտացնի Մարիամ բաջու սիրտը։ — Այն օրից, երբ ընկերացել է լրբերի, գողերի, հարբեցողների, թուղթ խաղացողների, պապիրոս քաշողների հետ, էլ ես նրանից ձեռք եմ քաշել, ասել եմ,