Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոյ ու բոլսաթը, էն շիր ու շնորհքը, էն գեղեցկությունը ո՞ր աղջիկն ունի։

— Իսկ հո՞վ, իսկի հո՞վ, մին դանա յա, թայը չկա։ Ես ալ հենց անդյուր ամ ասըմ քի ցեքա պաց չթողնանք ալի։ Ախար, ասի տեսնամ, անանց աղջիկ հի՞նչ տեղան ես կարով քիթանալ, հո՞վ ունի։ — Իսկի հով, իսկի հով։ Սաղ քաղաքի աղջկերանց ճրնանչըմամ, մին-մին դընդըղալամ, ուզում ես չիմին մին-մին մատներովս համբըրամ։ Առա՛, դա քեզ Շավալիի թոռը — թամբալ, այբեժառ, դա քեզ Եղյանց Խանմի աղջիկը — մեջքան ղաթված, կարճ, որ հենց իմանաս հաջյուջ-մաջյուջներան իլի։ Հաջյուջ-մաջյուջը նա յա, որ աշխարհքի վերչըմը պիտի կյա։ Հա՛, դա քեզ Ագրիփաչանց Մամառի աղջիկ Սապանը — հի՞նչ ա, իսկի երեսին թիքիլի ալ չի։ Ալ հո՞ր մինը ասամ, — առա՛, դա քեզ...

Շըպպանիկն երկար ժամանակ մի առ մի թվեց Շամախու չափահաս աղջկերանց անունները առանձին-առանձին։ Բանից դուրս եկավ, որ միակ բացառությունը կազմում էր Սուսանը։

— Ալի, ալի Սուսանը, ալի Գյուլնազի աղջիկը։ Քաղաքը չորացալ ա, նրանից սվա ուրիշը չկա ու չկա։ Ա կնիկ, ցեքա բաց մի թողնիլ, — կնքեց Շըպպանիկը յուր ատենաբանությունը, մի սպառնողական հայացք ձգելով Սանամի երեսին։

Այդ հայացքը նշանակում էր, թե եթե վերջինը հրաժարվի Սուսանին յուր որդու համար ուզելուց, հետո շատ ու շատ կափսոսի։

Սանամը գլուխը թեքեց կրծքին և ընկավ մտածողության մեջ։ Շըպպանիկը լռեց և սկսեց աչքերի տակով խորամանկությամբ նայել նրա երեսին, կարծես կամենալով թափանցել նրա միտքը։ Մի քանի րոպե շարունակվեց այդ լռությունը։ Վերջապես, Սանամը գլուխը բարձրացրեց, ծռեց դեպի աջ ուսը, ձեռները իրարու վրա դարսեց և դրավ կրծքին։

— Չէ, Շըպպանիկ, ինչքան ֆիքր եմ անում, էլի տեսնում եմ, որ բանը գլուխ եկող չի, — ասաց նա խորհրդավոր կերպով։

— Սաբա՞բը, — հարցրեց Շըպպանիկն յուր դեմքի վրա խաղացնելով մի կեղծ զարմացական ժպիտ։

— Ես ինքս, ինչպես ասացի, չեմ հավատում, որ Գյուլնազի աղջիկն էս բաներն արած լինի Սեյրանի հետ։ Բայց...