ինչքան որ ճիպոտն է քո մեջքդ պաչում։ Թաքցրու, թաքցրու ինչքան ուզում ես, էլի ճոթը դրսումն է։
— Հը՛մ, խրատողիդ երեսին կպչես հալլա, ախր ղարափալթար կույսից ի՛նչ էիր սովորելու։ Առա էէ՛։
Այս ասելով Սանամի տալոջ աղջիկը բարկացած, աջ ձեռքի հինգ մատները չռեց և Սուսամբարին ճանգ արավ։ Հայտնի չէր ինչպես կվերջանար այս վիճաբանությունը, գուցե կռիվ դառնար, եթե Շըպպանիկը չընդհատեր։
— Լավ ա, ա կնանիք, լյուզյուներդ փորներդ քաշեցեք, ձեզի չան կանչալ, քի մարդի ուրախությունը հարամ անեք, — ասաց Շըպպանիկը և, դահիրան վերցնելով, սկսեց ածել ու երգել. Սուսամբարն այժմ թեքվեց դեպի Սուսանի ականջը և սկսեց քչփչալ.
— Հիմա դրանք կասեն, թե դու էլ բախտավոր կնիկ ես։ Չեն իմանում, որ սիրտդ ու հոգիդ նրա մոտն է, մարմինդ են տվել Ռուստամին, որ չարչարվես ու տանջվես։
— Խոցոտված սրտիս աղ մի՛ շաղ տուր, Սուսամբար։
— Սիրտս կսկծալուց եմ ասում, մի՛ վախենար։ է՛հ, հինչ պիտի արած, ճարդ կտրված պիտի վիզդ ծռես ու տանես ինչ որ ճակատիդ գրած է, հո աստուծո հետ չես կարող կռիվ անել։
— Ուզո՞ւմ ես դրուստն ասեմ, Սուսամբար։
— Ասա։
— Ես է՛լ առաջվա պես չեմ տանջվում։ — Ճարդ ինչ, պիտի սովորես էլի։
— Չեմ սովորիլ, բայց որ ասում եմ չեմ տանջվում, ինձ համար չեմ ասում, իմ բանը պրծած է։
— Ո՞ւմ համար ես ուրախ։
— Ծնողներիս համար, հենց որ նրանց ազատեցի, էլ, կարծես, ես ցավ չունիմ։ Տեսնում ես, մայրս այսօր ինչպես ուրախ է, տես, հենց նրա ուրախ լինելն է ինձ հանգստացնում։ Խեղճ կնիկ, մի տարի էր, որ հալված ու պշկած երեսդ ծիծաղ չէր տեսնում։
Այս խոսքերն արտասանելու միջոցին Սուսանի աչքերից կրկին ընկան արտասուքի մի քանի կաթիլներ և թրջեցին նրա այտերը։ Նա հանեց արխալուղի գրպանից մետաքսյա թաշկինակը և սրբեց երեսն ու աչքերը։ Թեպետ նա արտասվում էր, բայց չէր հեկեկում,