Էջ:Shirvanzade I hator.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և նրա մաշված կուրծքը չէր բարձրանում ու ցածրանում, ինչպես հարսանիքի երեկո։

— Հերիք է, Սուսան, արտասուքիդ կաթիլները ասեղների պես ծակոտում են կոտրված սիրտս։ Օրես դեն լացդ անօգուտ է, հիմա զոռով քեզ համար պիտի ուրախություն ստեղծես։

— Սուսամբար, մի բան խնդրեմ։

— Հրամայիր։

— Շաբաթը մի քանի անգամ կգնաս մեր տուն, որ մորս ժամանակը ուրախ անց կենա։

— Աչքիս վրա։

— Հորս մասին էլ տեղեկություններ կբերես ինձ։

— Լավ։

— Մի բան էլ եմ ուզում ասել, քաշվում եմ։

— Ինձ հետ էլ ես նազ ու բազ անո՞ւմ, Սուսան։

— Լավ, կասեմ։ Հարսանիքի գիշեր, որ ես ուշաթափվեցի, Սմբատը վազ է տալիս մի մոտիկ գինետուն ինձ համար ջուր բերելու։ Ա յնտեղ նա պատահում է Սեյրանին, կռվում են, Սմբատը թակում է Սեյրանին։ Այս բանն երեկ ինքը, Սմբատը պատմեց ինձ։ Սուսամբար, եթե ինձ սիրում ես, հենց այսօր գնա նրանց տուն ու Սեյրանի մասին ինձ համար տեղեկություն բեր։ Սեյրանին թաքուն տես, ինձանից բարևիր և ասա, որ ես էլի առաջվա Սուսանն եմ։ Աշխատիր սիրտ տալ, կարելի է մոռանա ինձ և մի կերպ ճանապարհի գա, թեպետ խելքս չի կտրում, որ նա փոխվի։ Ասա, թող ինձ ների, որ ես այսքան չարչարեցի իրան։ Իմացա՞ր։ Այս իմ վերջին խնդիրն է, Սուսամբար։

Սուսանը թեև շշնջալով, բայց յուր խոսքերը արտասանում էր ծանր ու անհողդողդ եղանակով, ամեն մի բառ առանձին շեշտելով և երբեմն խոր հառաչելով։ Եվ թեպետ արտաքուստ խաղաղ էր, սակայն նրա աչքերի մեջ երևում էր խորին հուսահատություն։ Նա թաշկինակը տարավ դեպի աչքերը և սրբեց տամուկ թերթերունքները։ Հանդիսականները չէին նկատում, թե Սուսանի երեսքողի տակ ինչ է կատարվում։ Նրանք զբաղված էին ճաշով։

— Դեհ, Սուսամբար, էլ ուրիշ խոսք չունիմ, — շարունակեց