Գյուլնազը գլուխը շարժեց ի նշան շնորհակալության։
— Նստիր, նստիր, տեսնենք։ էհ, փառք քեզ աստված։ Քեչան գյունա-գյուն չաթմազ, ջալասոն գյուն գյունա։ (Անցած օրին օր չի հասնի, եթե օրերը իրարու կապես)։
— Հըմ, էդ ո՞ր աստծուց է, որ մեզ միտդ ես գցել, Գյուլնազ խանում, — շարունակեց նա, նստելով քրսինի կողքին և Գյուլնազին նույնպես հրավիրելով, որ նստի։
— Հըմ, ասա տեսնենք, ի՞նչպես է եղել, որ մեզ միտդ ես գցել, — կրկնեց Հայրապետը։
— Մենք ձեզ իսկի մտքներիցս չենք հանել, որ մեկ էլ նորից միտք գցենք, — համարձակվեց շշնջալ Գյուլնազը։
Հետո նա շալը քաշեց երեսին, մի ծնկան վրա նստեց քրսինի մյուս անկյունում։
— Բաս էդպես, — ասաց Հայրապետը և արխալուղի գրպանից հանեց թամբաքուի քիսան, գոտիից դուրս քաշելով չիբուխը, որ լեցնի։
— Օրհնյալ լինի աստված։ Գյուլնազ ջան, անցավ գնաց մեր առաջվա բարեկամությունը, այ հայ, հայ։ Հիմա էլ որ միտս է ընկնում, ծուխը քթիցս է դուրս գալիս։
— Արխային կաց, եկել է, որ բարեկամություն հաստատի նորից։ Չէ, էլ անցածն անցավ, կոտրված շուշան սաղացնել չի լինի, — մեջ մտավ Մարիամ բաջին։
— Դրո՞ւստ ես ասում, Մարիամ, բայց էլի մարդու սրտին հովություն է ժամանակ-ժամանակ հին բարեկամներին տեսնելը։ Ինչ անեմ, թուրքի խոսքը օրինավոր է, ասում է. «աթանն բիր օղլի, օդա քյոռ օղլի»․․․ (հորը միակ տղան, այն էլ փուչ)։ Սեյրանն իրան էլ փչացրեց, ձեր անունն էլ սաղ քաղաքով չով արավ զուր տեղը, մեզ էլ, հո տեսնում ես, Գյուլնազ, ինչ օրի գցեց։
— Օղուլը իսկի մեղավոր չէ, աստված սաբաբի գլխին քար գցի։
— Քո բանը չէ, Մարիամ, դու լեզուդ կծած պահիր։ Հերիք է, հերիք է, ինչքան ինձ փչացրիր, այ կնիկ։
— Մարիամ բաջին դրուստ է ասում, — մեջ մտավ Գյուլնազը, — մեղավորը Սեյրանը չէ, մենք ենք։ էհ, դե անցած բան է, մոռացեք, բաշխեցեք։