Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոչ դուք եք մեղավոր, ոչ էլ մենք։ Աստված էդպես էր ուզում ու էդպես էլ արավ, հիմա բանը բանից անցել է, բախտավոր լինեք։ Թող Սուսանդ գարնան ծառի պես ծաղկի, կանաչի։

— Շնորհակալ եմ, բարով Սեյրանիդ էլ պսակենք։ էգուց թող Մարիամ բաջուն հետս տանեմ աղջկաս մոտ։

— Աչքիս վրա, ուզում ես — ես էլ կգամ, — համաձայնվեց Հայրապետը։

— Ըհ, առսըզի տղա առսըզ, — բացականչեց Մարիամ բաջին, աչքերը չռելով և մի սպառնական հայացք ձգելով յուր ամուսնու վրա։

— Արյունս մի պղտորիլ, քեզ ասում եմ, այ կնիկ, թե չէ, նահլաթ չար սատանին հա։ — Գյուլնազ ջան, ինձանից բարևիր Բարխուդարին ու ասա, որ ես էլի նրան բարեկամս եմ համարում։

— Սմբատիս արևը վկա, որ հենց ինքն էլ ձեր ֆիքրն է քաշում։ Վերջին ժամանակները խեղճ մարդը ձեր հոգսից ոտքի վրա չորացել է։

— Իմանում եմ, իմանում եմ, ինչպես չէ, օօ՛օ, Բարխուդարին ես լավ եմ ճանաչում, նրա սիրտը շատ բարի է։

Տեսնում ե՞ս, Մարիամ կնիկ, ես քեզ ասում էի, որ նա կակուղ մարդ է, հենց դու հակառակվում էիր, թե չէ, չէ, չէ։

Հայրապետն ոգևորվեց։

— Գյուլնազ ջան, ասա Բարխուդարին, որ հենց էգուց մեր տուն շնորհ բերի։ Թող գա, որ մեր հին մեղքերը քավենք։

— Յարաբ, աստված, էս մարգի խելքը ինչո՞ւ քամուն տվիր, կրկին մեջ մտավ Մարիամ բաջին, երեսը դեպի առաստաղը դարձնելով․

— Յաղի է գլխիս էլի, յաղի․ մին էս լեզուդ ներս քաշես, այ իժ օձի զավակ․ մեղա քեզ, սատանան ասում է, ոտներիդ տակը գցիր ու շանսատակ արա էլի։

— Թեկուզ մորթես, էլի սուս չեմ անելու։

— Լեզուդ տակռիկից կհանեմ։

— Հանի՛ր, բայց քանի որ բերանումս է, խոսելու եմ։ Բաս ես սուս անեմ, էլ ով պիտի խոսի, այ մարդ, հը՞մ։ Տունս քանդեցին, բալիս չոլերը գցեցին, ավարա արին վաթանից, մեզ էլ էս օրին