Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է յուր մտքերի հետ խոսելու։ Սեյրանը մեն-մենակ նստած սառն օթևանում, թաղված էր խորը մտածողության մեջ։ Նա քրքրում էր յուր մոտիկ անցյալը, քննում, քննադատում էր այն բոլոր փորձանքները, որ վերջին ժամանակները անցան նրա գլխով։ Եվ երբեմն-երբեմն սկսում էր ինքն իրան խոսել մի այնպիսի բարձր ձայնով, որ եթե օթևանում մեկը լիներ, կարող էր լսել նրա խոսքերը։

— Որքան մտածում եմ, որքան գլուխս տրաքացնում եմ, միևնույնը, միևնույնը, միևնույնը, — մտածում էր Սեյրանը։ — Սուսան, Սուսան, քարացած խղճմտանքով արարած, լավ խաբեցիր ինձ, լավ գլխատակիս բարձ դրիր։ Հա, շատ լավ, շատ լավ խաբեցիր։ Բայց չէ, սպասիր, սպասիր, շատ երկար չի քաշիլ, ես, հըմ, ես ի՞նչ...

Սեյրանը ձեռը դրեց ճակատին և մի քանի րոպե լռեց։

— Ապրիր, ապրիր փառավոր, — շարունակեց նա ձեռը ճակատից հեռացնելով։ — Պարծենում ես, հա՞։ Պարծեցիր, բայց այն էլ իմացիր, որ ինչ էլ լինի, էլի հոգիդ իմ ձեռքումն է. ես եթե ուզենամ, կարող եմ հենց վաղը, հենց այս գիշեր փոխել քո բախտը։ Դու իմ ծնողների կյանքը թունավորեցիր, մորս զրկեցիր յուր միակ զավակի երեսից, ինձ չոլերը բաց թողեցիր, որ դու այսօր հանգիստ տանդ նստե՞ս։ Չէ, դու քո հոր նամուսն էիր ուզում պահե՞լ։ Իրավունք ունես։ Բայց ի՞նչ ես մտածում։ Մի՞թե կարծում ես, որ ես նամուս չունեմ։ Մի՞թե կարծում ես, որ ես այնքան փչացած եմ, որ չեմ կարող պատիվս պաշտպանել։ Երեխա ես, խեղճ, չես ճանաչում Սեյրանին․․․ «Ապրիր, սպասիր և կտեսնես, թե Սուսանը քեզ ինչպես է սիրում և ինչպես նա կզոհվի քեզ համար»։ Այդ քո բերանից դուրս եկած խոսքերն են։ Հապա ինչու այդպես շուտ մոռացար ինձ։ Ռուստամի հարստությունը, տուն ու տեղը, ոսկի, արծաթը, զառ ու զառբոֆը քեզ շլացրին, հա՞։ Լավ, ինձ էիր խաբում, հա՞։ — Սպասիր, համբերիր, շատ էլ խաբվող մարդ չիմանաս Սեյրանին։ Դու ուզում էիր քո և քո ծնողների իբրե թե ընկած անունը ուրիշների աչքում բարձրացնել, նրանց նամուսը մաքրել և այդ պատճառով էլ ինձ թողիր ու գնացիր Ռուստամին։ Լավ, բաս Սեյրա՞նը, նրա՞ նամուսը։ Չլինի թե կարծում ես, որ նա ոչինչ չի հասկանում։ Ինքդ քո անունը ուրիշների բերանից ազատեցիր, իսկ իմ