Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սույնանման կտորներ, երկրորդը` ուտելիք և ըմպելիք, այն է օղի, գինի, յուղ, բրինձ և ուրիշ զանազան տեսակի խմիչքներ և մանր-մունր պարագաներ։ Խանութը բաժանված էր նույնպես երկու մասերի մի տախտակյա պատով ներսի կողմից։

Նույն ժամին, երբ Սեյրանը յուր օթևանից դուրս վազեց, Ռուստամի խանութի երեք դռներից մեկը կիսով չափ բաց էր։ Այդ ըմպելիքների բաժինն էր։ Այդտեղ Ռուստամը մի քանի շամախեցիների հետ ընթրում էր։ Սեղանի գլխում նստած էր ինքը Ռուստամը։ Նրա աջ ու ձախ կողմերում նստած էին երկու առևտրական ընկերներ, որոնցից մեկը մի միրքավոր երիտասարդ էր լեզգու հագուստով, մյուսը` առանց միրուքի միջին տարիքով մի մարդ էր Շամախու հագուստով։ Սրանց մոտ նստած էին երկու ուրիշ հյուրեր, որոնք Շամախուց նոր էին Շուրա եկել։ Դրանցից մեկը առողջակազմ և հաստ երեսով մի երիտասարդ էր մոտ երեսուն տարեկան, մյուսը մի պատանի — կես-ասիական ու կես-եվրոպական հագուստով։

Ռուստամի ընթրիքն այդ երեկո սովորականից մի քիչ ճոխ էր։ Նա հյուրասիրում էր յուր նորեկ համաքաղաքացիներին։ Թե Ռուստամի և թե հյուրերի գլուխները բավական տաքացած էին գինով։ Ռուստամի ընկերները ոգևորված խոսում էին նորեկների հետ, հարց ու փորձ էին անում դրանց իրանց հայրենիքի, ընտանիքի, ազգականների և ուրիշ բաների մասին։ Յուր բնավորության համեմատ, Ռուստամը ամենից սակավ էր խոսում։ Միայն երբեմն նա ևս հատ ու կտոր հարցեր էր տալիս նորեկներին և հատ ու կտոր պատասխաններ ստանալով, կրկին լռում էր։

— Ասում են, որ կուժ ծախողանց Սեյրանն էլ է այստեղ, ճշմարի՞տ է, — հարցնում էր նորեկ պատանին։

— Ես երեկ լեզգի բազարում տեսա նրան, խանչալ էր առնում, — պատասխանեց Ռուստամի ընկերներից մեկը։

Ռուստամը լսելով «Սեյրան» անունը, աչքունքը թթվեցրեց և մի հարցական հայացք ձգեց նորեկ պատանու վրա։ Վերջինն այս չնկատեց։

— Ուզում եմ նրան տեսնել, — կրկին խոսեց պատանին։

— Ի՞նչ գործ ունես նրա հետ, — հարցրեց միրքավոր և լեզգու հագուստով երիտասարդը, աչքի տակով նայելով Ռուստամի երեսին։