էր, բայց չէր ճանաչում, չգիտեր, որ նա է յուր հակառակորդը։
Առաջիս վայրկյանին Սեյրանը շփոթվեց, տեսնելով յուր սրտին ամենաատելի կերպարանքը։ Բայց նա կարողացավ իրան զսպել։
— Ո՞վ ես, — կրկին հարցրեց Ռուստամը, միևնույն ժամանակ չկտրելով անկոչ հյուրի ճանապարհը։
— Մր ղարիբ տղա, — պատասխանեց Սեյրանը, հայացքը ձգելով խանութում նստողների վրա։
— Աչքիս վրա տեղ ունի ամեն մի ղարիբ, — ասաց բարեկամաբար Ռուստամը, Սեյրանին ներս թողեց և դռները կրկին ծածկեց։
— Օհո՛, Սեյրան ջահիլ, դո՞ւ որտեղ, այստե՞ղ որտեղ, — բացականչեց լեզգու հագուստովը։
— Սեյրան, — կրկնեց Ռուստամը անգիտակցաբար և հայացքը բևեռեց այդ անունը կրողի վրա։
— Ռուստամ, ի՞նչ ես սառել, չե՞ս ճանաչում։ Դա մեր շամախեցի կուժ ծախող Հայրապետի տղեն է, համեցեք արա՛, ի՛նչ ես կանգնել, — շարունակեց լեզգու հագուստովը։
Ռուստամը տեղից չշարժվեց։ Նա զարմացած նայում էր հերթով բոլորի երեսներին։ Սեյրանը ձյունի մեջ կորած յափունջին մի կողմ շպրտեց, համարձակ քայլերով շարժվեց առաջ և, առանց Ռուստամից հրավիրվելու, մոտեցավ սեղանին և նստեց նստարանի վրա։ Պատանին մոտեցավ նրան և, ձեռը մեկնելով, ասաց.
— Շամախուց նոր եմ եկել, — մայրդ շատ բարև արաց և ասաց որ...
— Շնորհակալ եմ, — ընդհատեց Սեյրանը, անփույթ կերպով սեղմելով պատանու ձեռը և երեսը մի կողմ շուռ տվավ այնպես, որ վերջինը ստիպվեց լռելու։
Վերջապես, Ռուստամը ուշքի եկավ և ընդունելով իր նախկին դիրքը, սառնասրտությամբ նստեց սեղանի առաջ։
— Այ տղա, Համբարձում, նոր գինի, Սեյրանը մրսած կլինի, թող քիչ տաքացնենք նրան, — հրամայեց լեզգու հագուստով միրքավորը։
— Հա՛, գինի տվեք, ես շատ եմ ծարավ, — ասաց Սեյրանը, գլխից ձյունաթաթախ շուլլահին վերցնելով և մի կողմ ձգելով։