Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես մտածելով, Ռուստամը մատների արանքով մտիկ էր անում հերթով մերթ Սեյրանին, մերթ մյուսներին։

Վերջապես, միրքավոր երիտասարդը ոտքի կանգնեց և ասաց.

— Տղերք, գիշերը անցնում է, ժամանակ է տուն գնալու, բաժակներդ լցրեք, որ մեր թանկագին Ռուստամի կենացը մեկ էլ խմենք, շնորհակալություն ասենք ու ցրվենք։

Ամենքն անհապաղ կատարեցին միրքավոր երիտասարդի առաջարկությունը, մի-մի բաժակ լցնելով և ոտքի ելնելով։

Սեյրանն անշարժ էր։

— Ռուստամ, աստված մինդ հազար անի, — ասաց բարձր ձայնով և հանդիսավոր եղանակով նույն միրքավոր երիտասարդը։ — Տղերք, միաբերան աստծուց խնդրենք, որ նա շուտով Ռուստամին մի լավ ղոչ տղա պարգևի։

— Ամեն, ամեն, տեր աստված, — կրկնեցին միաբերան բոլորը։

Սեյրանը լուռ էր։

— Սեյրան, վեր կաց, ի՞նչ ես թմրել, — գոչեց միրքավորը։

Սեյրանը թուլացած իրանն ուղղեց և բարձրացավ տեղից։ Միրքավորը մի բաժակ գինի լցրեց և առաջարկեց նրան։

— Առ՛, խմիր և աստծուց խնդրի, որ նա մի լավ որդի բաշխի Ռուստամին։ Հը՛, շուտ արա, ի՞նչ ես պառավ կնկա պես թուլացել։

Սեյրանը բաժակը վերցրեց և մի հայացք ձգեց բոլորի վրա։ Նա կազդուրեց իրան և գլուխը հպարտ բարձրացրեց վեր։ Հետո նա աջ ձեռքը դրավ դաշույնի կոթի վրա և ձախ ձեռով բաժակը գլխից վեր բարձրացնելով, արտասանեց.

— Աղա թամադա, ինչպես հրամայեցիր, ես էլ ցանկանում եմ պարոն Ռուստամին երկար կյանք, առողջություն, հարստություն, տուն տեղ, ձեզ պես ընկերներ, ինձ պես հյուր․․․ հուռռա՜։

— Հուռռա՜, — կրկնեցին միայն Շամախուց եկածները։

— Այ ղոչաղ, լավ ճառ ասել գիտես հա՛ա, բարեկամ, — բացականչեց միրքավորը։

Ռուստամն յուր աչքերը չէր հեռացնում Սեյրանի երեսից։ Սեյրանը շարունակեց։