Էջ:Shirvanzade I hator.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դեպի հրապարակի ծայրը և անհետացավ նեղ փողոցներից մեկում։

XIV

Այդ օրից ուղիղ մի շաբաթ էր անցել։

Իրիկնադեմ էր․ փետրվարի թույլ արեգակն արդեն հորիզոնից ցած իջնելով, մայր էր մտնում։ Շամախու կիսախուլ շինությունները, հողի և քարի կույտերով ծածկված կեղտոտ ու ցեխոտ փողոցները ներկայացնում էին հոգեմաշ տեսարան։ Ցերեկվա աշխատանքից հոգնած և թուլացած բնակիչները դանդաղությամբ դիմում էին իրանց տները։

Օրը շաբաթ էր։ Վերջին երկրաշարժի հարվածից ջախջախված վաղեմի եկեղեցու զանգերը ժամհար Մովսեսը զարկելով հնչեցնում էր բավական ներդաշնակ։ Սպիտակահեր ծերունիները, հենվելով իրանց ձեռնափայտերի վրա, պառավ կանայք չարշովների մեջ փաթաթված, կուզկզալով դիմում էին դեպի աստուծո տաճարը, իրանց սովորական աղոթքը կատարելու։

Տերտերները, առժամանակ փողոցում հավաքված, եկեղեցու դռների առաջ մի քանի բարեպաշտների հետ խոսում էին ու գանգատվում ժողովրդի վրա, որ եկեղեցի չի հաճախում։ Նայեցեք այս կողմ, ահա մեջտեղում կանգնած է տեր Աբրահամը, երկու ձեռները գավազանի ծայրին հենած և երկայն ու չալ միրուքն առաջ ցցած։ Նա թե՛ խոսում է, թե՛ մտքում համրում է եկեղեցի մտնողների թիվը։ Ահա տերողորմյան ձեռում պտտեցնելով, մոտեցավ «մոլթանի Գասպարը»։ Օրհնյա տեր, — ասաց նա թեքելով գլուխը, ցույց տվավ տերտերին յուր մաշված փափախի ծայրը։ — «Աստված օրհնի», — պատասխանեց տերտերն և իսկույն քնթի տակ ավելացրեց աչք-ունքը ծռելով․ «դենըժկան եկավ»։ Մոլթանի Գասպարը միշտ գանձանակ էր գցում քառորդ կոպեկից ոչ ավելի․ այս պատճառով տեր Աբրահամը ատում էր և «դենըժկա» անվանում նրան։

Վերջապես, փոքր առ փոքր բարեպաշտների թիվը շատացավ, տերտերները քաշվեցին ներս, որ ժամերգությունն սկսեն։