ինքը չի տեսել, այլ լսել է յուր մորից, որ նկատած կլինի բաղնիքում կամ մի ուրիշ տեղ, մերկ ժամանակ։ Չէ, չէ, հապա հարսանիքի գիշերվա անցքը, հապա այն երկու ջահիլների խոսակցությո՞ւնը։ Օրիորդ ժամանակ, հըմ... Այս մեկը սուտ է, ես իմացա։ Ինչ որ պատահել է, պսակվելուց հետո է եղել։ Ես ի՞նչ գիտեմ, յոթը սարի հետևում, թե նա այստեղ ինչեր է արել։ Իսկ մայրս, մայրս հիմար պառավ է, տանը չի նստել։ Ուֆ...
Եվ Ռուստամը արձակեց կրծքից մի դառն հառաչանք։ Քառորդ ժամ նա այդ դրության մեջ մնաց, անդադար հառաչելով։
Սուսանը նրա երեսը չէր տեսնում, միայն պատի տակ կանգնած, ձեռները ծոցում ծալած, լուռ ու մունջ, անորոշ հայացքով նայում էր սենյակի պատերին, առաստաղին, հատակին։
Հանկարծ Ռուստամը բարձրացավ տեղից։
— Նստի՛ր, — հրամայեց նա Սուսանին։
Սուսանը անշարժ էր։
— Նստի՛ր, քեզ ասում եմ։
Սուսանը նստեց։
«Հարկավոր է քիչ էլ համբերել», — ասաց ինքն իրան Ռուստամը և սկսեց կրկին հետ ու առաջ շրջել։
Մի ժամի չափ ևս նա շրջեց, հետո մոտեցավ սենյակի դռներին, բաց արավ և, աջ ու ձախ նայելով, կրկին փակեց դռները և հետ դարձավ։ Նա մոտեցավ թախտին և նստեց, ոտները քարշ ձգելով։
— Չե՞ս պատասխանում, — դարձավ նա Սուսանին, որ դեռ նստած էր թախտի վրա մի քիչ հեռու յուր ամուսնուց։
— Ի՞նչ։
— Ասա, ո՞րտեղ է մյուս անկողինդ։
— Ի՞նչ անկողին։
— Որի վրա, անառակ կնիկ, դու քնում ես Սեյրանի հետ։
Սուսանը վեր թռավ տեղից և ապշած նայեց նրա երեսին։
— Սեյրանը, — կարողացավ միայն արտասանել նա և մնաց տեղն ու տեղը կանգնած։
— Հա, Սեյրանը։ Դու նրան չե՞ս ճանաչում, չե՞ս ճանաչում կուժ ծախող Հայրապետի տղա Սեյրանին։