Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարևանները։ Գյուլնազը, անսպասելի տարաբախտության հարվածով փշրված մայրը, չոքել էր յուր զավակի անշունչ դիակի գլխի կողմում և ողբում էր։ Նա փետտում էր յուր ալեխառն մազերը և կեղեքում կուրծքը եղունգներով։ Երբեմն դուրս էր թռչում կրծքից մի կատաղի վայրենի գոռոց, և ամբոխը սարսռում էր այդ ձայնից։ Դիակի աջ կողմում կանգնած էր ծերունի Բարխուդարը ձեռները ծոցում խաչաձև ծալած։ Նրա գունասպառ դեմքի վրա կենդանության եթե մի նշան կար, այդ նրա խոցոտված սրտի կսկիծը արտահայտող աչքերն էին, որոնք բևեռված էին Սուսանի խաղաղ և հանգիստ դեմքի վրա։

Դիակի ձախ կողմում նստած էր Սուսամբարը։ Ի՞նչ էր անում Սուսամբարը, — այդ ոչ ոք չէր կարող հասկանալ։ Նա մերթ կատաղաբար համբուրում էր յուր դժբախտ ընկերուհու երեսը, մերթ անհագությամբ լիզում էր նրա փակ աչքերը, երեսը, ձեռները, գլուխը և մերթ հեռու քաշվելով, փետտում էր յուր մազերը և սուր եղունգներով կեղեքում մերկացած կուրծքը։

Սուսամբարի հետևից երկու երիտասարդներ աշխատում էին հետ մղել Սուսանի դիակից Սմբատին։ Սմբատի դեմքը ահռելի էր։ Նրա կուրծքը բաց էր և մազերը խճճված ու ճակատին թափված։ Նրա վառված աչքերը փայլում էին կատաղի հրով, և նա անդադար գոռում էր.

— Բա՛ց թողեք, անիծվածներ, բա՛ց թողեք, ես պիտի խեղդեմ, պիտի շանսատակ անեմ, Ռուստա՛մ...Ռուստա՛մ...

Բայց երիտասարդները Սմբատին իրանց գրկում սեղմած, աշխատում էին մի կողմ քաշել նրան։

Սուսանի դիակի ոտների կողմում չոքած էր Մարիամ բաջին։ Արտասուքի բուռն կաթիլները դուրս թափվելով աչքերից, ողողում էին նրա նիհար ու պշկած երեսը։ Նա անդադար ոսկրացած ձեռները բարձրացնելով, մերթ ծնկներին էր խփում, մերթ մերկացած կրծքին։

Մարիամ բաջու հետևից պտույտ էր գալիս Հայրապետը։ Միամիտ ծերունին, կարծես, չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչ է պատահել։ Նա զանազան տարօրինակ շարժումներ էր անում։ Նա շարժում էր յուր ալեխառն գլուխը, ձեռները