նա ավելի համակրելի էր, քան գեղեցիկ։ Ամբողջ նրա կազմվածքից բուրում էր մի տեսակ հանգիստ հպարտություն։
Նատալիան հյուրերին ընդունեց անշփոթ քաղաքավարությամբ, ինչպես բավական փորձված և աշխարհ տեսած կին։ Նա բոլոր յուր շարժումներով և դեմքի արտահայտությամբ, կարծես, ասում էր․
«Ուրախ եմ ընդունելու ձեզ իմ տանը, բայց իմացեք, որ սովոր եմ ձեզանից ավելի նշանավոր հյուրեր ընդունել»։
Ռոստամյանը, ոտքի կանգնելիս, շփոթվեց, դիպավ սեղանին և քիչ էր մնում, որ կանթեղի լուսամփոփը գցեր։ Կատոն տեղից չշարժվեց, մինչև որ հյուրերն իրանք կմոտենային։
— Սա իմ աղջիկն է, մադամ Բիզիրգանովա,— ասաց այրին, Կատոյին ներկայացնելով յուր հյուրերին։
Երբ ամենքը նստեցին, Ռոստամյանը տեղավորվեց Մինաս Կիրիլլիչի ձախ կողմում, իսկ աջ կողմում — Վարվառեն։ Այրին սկսեց զբաղեցնել յուր հյուրերին ամենահասարակ խոսակցությամբ։ Սովորական սառնությունը շուտով անցավ, և հյուրերը փոքր առ փոքր ընտելացան իրարու։ Խոսում էին մեծ մասամբ Նատալիա Պետրովնան և Մինաս Կիրիլլիչը։ Առաջինը, հիացած Վարվառեի շնորհալի կերպարանքով, աշխատում էր խոսակցությամբ զբաղեցնել նրան էլ, որ, կարծես, խոսելու տրամադրություն չուներ։
— Ի՛նչ գեղեցիկ ձայն ունիք, Վարվառա Մինայեվնա,— ասաց նա, հոնքերը վեր քաշելով և «թասակրավի» տակից դուրս ցցված մազերը հետ ժողովելով։
— Միթե դուք լսե՞լ եք Վարիայի երգեցողությունը,— հարցրեց Մինաս Կիրիլլիչը։
— Ինչպե՛ս չէ, ինչպե՛ս չէ։ Երեկ Վարվառա Մինայեվնան տանը երգում էր, ես այստեղից ականջ էի դնում։ Շատ սիրուն ձայն ունիք, շատ,— դարձավ այրին Վարվառեին։
— Միթե դուք երգել գիտե՞ք,— մեջ մտավ Կատոն, որ մինչև այդ ժամանակ լուռ էր և միայն նախանձոտ աչքերով նայում էր Վարվառեին։
— Երբեմն տանն ինձ համար զբաղվում եմ,— պատասխանեց Վարվառեն համեստությամբ։